ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումը երկրի կյանքի բոլոր ոլորտներում սկզբնավորեց քաղաքական, տնտեսական համակարգ, նոր հարաբերություններ, նոր բովանդակություն և ձևեր, որից, բնականաբար, անմասն չմնաց նաև զանգվածային տեղեկատվության ոլորտը: Այդ անցումային փուլում առանձնապես կարևոր նշանակություն ուներ և ներկայումս շարունակում է ունենալ հեռուստատեսությունը և ռադիոն՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա իրենց ունեցած հսկայական ազդեցությամբ: Ազատության շունչը բերեց նաև խոսքի ազատություն և Հայաստանում շատ արագ ձևավորվեցին մասնավոր հեռուստա և ռադիոընկերություններ: Այս ոլորտը կարգավորող նախկինում գործող օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտը համակարգող մարմինները չէին կարող համապատասխանել ժողովրդավարության ուղին բռնած պետության և հասարակության պահանջներին, անհրաժեշտ էին նոր օրենքներ, կարգավորման նոր մարմիններ, նոր գաղափարներ, դրանց իրականցման նոր միջոցներ և ձևեր:
Անհրաժեշտ էր ամրագրել, մասնավորապես, եթերային հեռարձակողների ազատ գործելու, քաղաքացու հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող տեսա և ձայնային նյութերի, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների կանոնակարգման գործիքները, լիցենզավորման գործընթացը և այլն:
2000 թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովն ընդունում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի մեջ շարադրված են ոլորտը կարգավորող հոդվածները: Մասնավորապես, սահմանվում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, տրվում են հեռուստառադիոընկերությունների հիմնադրման, դրանց լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը և կանոնակարգվում են, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: Սույն կանոնակարգումն իր հերթին ապահովում է հեռարձակող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը՝ թույլատրելով սեփական եթերային քաղաքականության մշակում՝ պաշտպանելով հեռուստառադիոեթերի թեմատիկ բազմազանությունն ու լուսաբանման բազմակողմանիությունը:
Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվեց գործադիր գործառույթներ իրականացնող և կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը՝ ներկայումս, ըստ գործող ՀՀ Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի անդամները լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի և իրավագիտության ոլորտներում փորձառություն ունեցող և զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետներ են:
Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:
Հարկ է նշել, որ այդ ժամանակից ի վեր Հանձնաժողովի կազմը և ընտրման (նշանակման) կարգը փոփոխվել է վերջինիս գործունեությանը վերաբերող ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի դրույթների փոփոխությանը համապատասխան: Մասնավորպես, տարբեր ժամանակներում Հանձնաժողովի կազմում եղել է ինը հոգի, այնուհետ ութ, այժմ՝ յոթ: Հանձնաժողովի առաջին կազմը ամբողջությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, հետագայում անդամների թվաքանակի կեսը ընտրվել է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Ներկայումս, այդ կազմը ամբողջությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
Հանձնաժողովը ստեղծման ժամանակից ի վեր հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի արդյունավետ զարգացման համար տարբեր ժամանակահատվածներում երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով համագործակցել և համագործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների ու հարթակների հետ՝ ուսումնասիրելով տարբեր երկրների այդ ոլորտի օրենսդրությունը, կիրառման մեխանիզմները և առաջավոր փորձը: Դրանց թվում են. EPRA – Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմը, BSEC – Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ), BRAF – ՍԾՏՀ անդամ պետությունների հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների ֆորումը, MNRA – միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակողների կազմակերպությունը, Մոլդովայի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհուրդը, Չեխիայի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման խորհուրդը, AGCOM – Իտալական հաղորդակցությունների մարմինը, Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը, Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհուրդը։
Հանձնաժողովն իր ամենօրյա
աշխատանքով նպաստում է ոլորտի զարգացմանը և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի
Հանրապետության ամբողջ տարածքում քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքն
ապահովելու համար:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածով, համաձայն որի այն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 12
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 196. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:
2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ:
3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ:
4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին:
5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
6. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով: