ՀՌՀ նախագահն ընդունել է ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին

Փետրվարի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը, որի կազմում էին ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան, ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով խորհրդական Վիտտորիա Զանելատին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ծրագրի ավագ պատասխանատու Թիմ Նոբլաուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերությունների ինքնակարգավորման հարցերը և օնլայն հարթակներում ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածման խնդիրները։

Տիգրան Հակոբյանը նաև ներկայացրել է ՀՌՀ լիազորությունները ու գործառույթները և Հանձնաժողովի մշակած նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

ՀՌՀ-ն սահմանեց ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  3. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
  4. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցի վերաբերյալ։
  5. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ։

Հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:

Այնուհետև Հանձնաժողովը բավարարեց «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտը, ինչպես նաև հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները: 

Հաջորդիվ Հանձնաժողովը որոշեց սահմանել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը.

1) հանրային տեսալսողական հեռարձակողի`

      ա․  «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),

      բ․ «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

      2) հանրային լսողական հեռարձակողի համար 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

      Վերջին հարցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատեց «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։

      Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

      ՀՀ Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթ

      «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2026 թվականի փետրվարի 11-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ:

      Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

      Տեղեկատվություն

      Տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը

      Փետրվարի 5-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել է 2025 թվականին Հանձնաժողովի կատարված աշխատանքները, այդ թվում՝ անդրադարձել է հարուցված վարչական վարույթներին և դատական գործերին:

      «Վերջին տարիներին Հանձնաժողովը զգալիորեն ավելացրել է վերահսկողական վարույթների քանակը։ 2025 թվականին ՀՌՀ-ն նախաձեռնել է 84 վարչական վարույթ, մինչդեռ 2011-2018թթ․ ընթացքում՝ 15։ 2019 թվականից մինչև նախորդ տարի մենք նախաձեռնել ենք մոտ 400 վարույթ, որոնց արդյունքում որոշ լրատվամիջոցներ ենթարկվել են պատժամիջոցների»,- նշել է Տիգրան Հակոբյանը։

      ՀՌՀ նախագահի խոսքով՝ վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը։

      «Այս պատժամիջոցները հանրօգուտ բնույթ ունեն, քանի որ մենք չենք կարող թույլ տալ այնպիսի գովազդ կամ բովանդակություն, որը վնասում է քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջությանը»,- շեշտել է Տիգրան Հակոբյանը։

      Հանձնաժողովի կողմից 2025 թվականին՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, պատրաստվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողով:

      Տիգրան Հակոբյանի խոսքով՝ օրինակ, Արդարադատության նախարարությունը կամ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում օրենքի նախագծում ներքին, քաղաքական միջամտության դրույթի մասով։ «Ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը օրենքից հանվի։ Եթե չհանվի, մենք բոլորով պիտի մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա չպարունակի տարընթերցում»,- ասել է ՀՌՀ նախագահը։

      Հակոբյանը հիշեցրեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված է այն դրույթը, ըստ որի համացանցը կարգավորման ենթակա չէ։ Նրա գնահատմամբ՝ չկարգավորված համացանցի հիմնական շահառուները ատելություն տարածող, ապատեղեկատվություն տարածող և հանրությանը մոլորեցնող անձինք են։ Նա օրինակ բերեց կեղծ բժշկական տեղեկությունները, «deep fake» տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքական շահարկումները և բռնության կոչերը՝ ընդգծելով, որ դրանք դարձել են համաշխարհային խնդիր։

      «Վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, սկսեցին ավելի խիստ մոտեցումներ կիրառել համացանցի կարգավորման հարցում»,- նշել է Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ Հանձնաժողովն իր տեսլականը և առաջարկները ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

      Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խոսել է նաև նորաստեղծ հանրօգուտ բովանդակության ֆինանսավորման նպատակով ստեղծված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի մասին։ Նրա խոսքով՝ կրթական, մշակութային և մանկական հաղորդումները մեծ լսարան չեն ապահովում և միաժամանակ պահանջում են զգալի ֆինանսական ռեսուրսներ, ինչի պատճառով հեռուստաընկերությունների համար հաճախ շահավետ չէ դրանց արտադրությունը։

      «Այս պայմաններում, երբ գովազդային եկամուտները նվազում են, հեռուստաընկերություններին բիզնես տեսանկյունից ձեռնտու չէ նման բովանդակություն ստեղծել։ Առաջին փուլում Կառավարությունը հիմնադրամին հատկացրել է 250 միլիոն դրամ։ Այս գումարը պետք է բաշխվի մոտ 10 հանրային և քաղաքային ծածկույթ ունեցող հեռարձակողների, ինչպես նաև 8 մարզային հեռուստաընկերությունների միջև»,– ասել է ՀՌՀ նախագահը։

      Մամուլի ասուլիս

      ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա փետրվարի 5-ին, ժամը 11։00-ին՝ ՀՌՀ նիստերի դահլիճում։

      Ասուլիսի թեման՝ 2025 թվականի Հանձնաժողովի գործունեության ամփոփում:

      Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով

      «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2026 թվականի հունվարի 5-ի թիվ 01/11.1/23-2026 գրության համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2026 թվականի հունվարի 23-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։

      Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

      Տեղեկատվություն