Հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունների տեսալսողական ծրագրերում դիտարկվել է մանկական թեմատիկ ուղղվածությամբ հաղորդումները․ ժամանակահատված՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-29-ը և 2024 թվականի հունվարի 22-28-ը։
«Մանկական տեսալսողական հաղորդում – ըստ ձևի և ժանրի բազմազանության, հարմարեցված և հասցեագրված է հիմնականում մինչև 16 տարեկան սպառողին՝ երիտասարդ սերնդի համակողմանի դաստիարակության, կրթության և սոցիալականացման նպատակով: Այս տեսալսողական հաղորդումները բազմազան են, դրանք անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներն են, հանրամատչելի գիտական ծրագրերը, տեսալսողական վիկտորինաները, կրթական և ուսումնական ծրագրերը, տեսալսողական հաղորդումների շարք՝ դպրոցական և ուսանողական կյանքի մասին և այլն: Մանկական տեսալսողական հաղորդումները չպետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա, չպետք է անչափահասներին ուղղակիորեն ներքաշեն ապրանքների կամ ծառայությունների գնման կամ վարձակալության կամ անձի գովաբանման գործընթացների մեջ՝ չարաշահելով նրանց անփորձությունը կամ դյուրահավատությունը» (մեջբերում՝ «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին» ՀՌՀ որոշումից)։
