Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 20-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝

  1. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 12 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  2. «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 14 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  3. «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 1 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ (օրենքի՝ 28.04.2026թ․ խմբագրությամբ՝ 57-րդ հոդվածի 41-րդ) մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 300․000 ՀՀ դրամով: Վարչական վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել Ընկերության՝ իր 2025թ․ հասույթի գոյացման բացվածքի և չափի վերաբերյալ տեղեկությունները մինչև 2026թ․ ապրիլի 1-ը ՀՌՀ չներկայացնելը։

Հանձնաժողովն ապրիլի 17-ին և 20-ին իրականացրել է «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ-ի «ՖՈՐՏՈՒՆԱ» տեսալսողական ծրագրի ապրիլի 14-16-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Գովազդի մասին» օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ․ արձանագրվել է «EVA LAB» («ԷՎԱ ԼԱԲ») և «Yan Clinic» («Յան կլինիկ») ախտորոշիչ կենտրոնների գովազդների հեռարձակում, որոնցում չի նշվել գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը։ ՀՌՀ-ն որոշեց «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ-ին տուգանել 500․000 ՀՀ դրամով:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր փաստաբան Տիգրան Մուրադյանի «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումին։ Դիմումատուն հայտնել է, որ լիցենզիան ստանալուց հետո «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ տնօրենը չի կատարել լիցենզավորման հայտով ստանձնած ոչ մի պարտավորություն, որոնք մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո դարձել են լիցենզիայի պարտադիր պայմաններ: Չի կատարել հայտով ստանձնած ոչ տեխնիկական, ոչ ծրագրային, ոչ էլ ֆինանսական պարտավորություններից որևէ մեկը։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ դիմումատուի վերոնշյալ փաստարկները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի կողմից Օրենքի դրույթներով սահմանված իրավախախտումն արձանագրելու և Հեռարձակողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Հանձնաժողովը որոշեց կարճել «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ նկատմամբ փաստաբան Տիգրան Մուրադյանի դիմումի հիման վրա 20․04․2026թ․ հարուցված վարչական վարույթը:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։