Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) 24-րդ տարեկան համաժողովը տեղի ունեցավ Կոսովոյի Հանրապետության մայրաքաղաք Պրիշտինայում, հոկտմբերի 2-3-ը։
Հայաստանը ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընտրվել էր MNRA-ի 2024 թվականի նախագահող երկիր, և անցյալ տարի տարեկան համաժողովը տեղի ունեցավ Երևանում։
Իսկ այս տարի Պրիշտինայում ՀՌՀ նախագահ Տիրգան Հակոբյանը ամփոփեց տարեկան աշխատանքը ու նախագությունը փոխանցեց Կոսովոյի ազգային կարգավորող մարմնի՝ IMC-ի, նախագահ Բեսնիկ Բերիշային։
2025-ին MNRA-ի համաժողովի գլխավոր քննարկման թեմաները երկուսն էին․ անչափահասների պաշտպանվածությունը անցանկալի և հաճախ ուղղակի վտանգավոր բովանդակությունից և առցանց մեդիայի կարգավորման մեխանիզմենրը՝ տեխնոլոգիական և հատկապես արհեստական բանականության գործիքների զարգացման ու լայն կիրառման համատեքստում։
Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Ալբանիայի կարգավորողները ներկայացրին իրենց հետազոտությունները, թե ինչպիսի օրենսդրական բացեր են առաջացել և ինչպես է հարկավոր ապահովել երեխաների և պատանիների պաշտպանությունը թվային տարածքում, այդ թվում նաև համագործակցելով թե՝ տեղական մեդիայի ու ինքնակարգավորող կազմակերպությունների, թե՝ հսկա թվային սոցցանցերի հետ, որտեղ բովանդակությունը տարածվում է վիրուսային եղանակով։ Առավել մտահոգիչ են բուլինգի օրինակները, շահումով խաղերի մեջ երեխաների ներգրավելու փորձերը և թվային տարածքում սեռական ոտնձգությունները։ Կարգավորումը առավել բարդանում է, երբ տեղական օրենսդրական նորմերը չեն տարածվում այլ երկների տարածքում գրանցված հարթակների վրա, իսկ բյուրոկրատական քաշքշուկը թույլ չի տալիս արագ արձագանքել հրատապ միջամտություն պահանջող դեպքերին։
Պրիշտինայի համալսարանի լրագրության ամբիոնը կատարել էր «Երիտասարդների շրջանում մեդիա կրթություն» հետազոտություն, որի համաձայն՝ մեդիա գրագիտության աստիճանը երիտասարդ կոսովցիների շրջանում բավականին ցածր է։ Այժմ Կոսովոն փորձում է մեդիագրագիտությունը ինտեգրել դպրոցական ծրագրերում։ Գրեթե նույն խնդիրը կա նաև այլ երկներում, որտեղ հատկապես լայն տարածված է ՏիկՏոկ ցանցն ու դեռահաս օգտատերերը կուրորեն սպառում ու նմանակում են իրենց հոգեկան ու ֆիզիկական առողջությանը սպառնալիք հանդիսասող բովանդակություն։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնք անդրադարձան թվային հարթակների և արհեստական բանականության աճող ազդեցությանը կարգավորող մարմինների աշխատանքների վրա: Դա մի կողմից թվում է իրոք անվերահսկելի խնդիր, բայց մյուս կողմից նաև՝ հնարավորություն է։ Եվրոպացի բանախոսները ընդգծեցին էթիկական չափորոշիչների, պրոֆեսիոնալ լրագրության և արդյունավետ կարգավորման գործիքներ ունենալու պահանջը։ Եվ արհեստական բանականությունը այստեղ կարող է լինել օգնական։
Կատալոնիայի աուդիովիզուալ խորհուրդի (CAC) միջազգային կապերի պատասխանատու Մոնիկա Դուրան Ռուիսը Պրիշտինայում վարեց «Գենդերն ու մեդիան» և «Մեդիագրագիտություն» աշխատարանները։ Եվրոպական երկրների հետազոտությունների համադրումը փաստում է, որ տարբեր թիրախային խմբերի համար թվային անվտանգության ու տեղեկատվական և մեդիա գրագիտության դասընթացները շարունակում են համարվել ամենակարևոր աշխատանքային գործիքը։ Այդ պատճառով է նաև, որ շատ ազգային կարգավորող մարմինների գործառույթներում ավելանում է նաև կրթական բաղադրիչը։
Պրիշտինայում MNRA-ի տարեկան համաժողովին Հայաստանը ներկայացրեցին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՌՀ անդամ Նունե Հախվերդյանը, ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Ալլա Թումանյանը։








