Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ապրիլի 2-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
- «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊԸ` Վանաձոր քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ։
- «ԴԱՐ-21» ՀԵՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 1 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՅՈՏԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 2 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 3 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊԸ դիմումը և 2026թ․ ապրիլի 3-ից տրամադրել Վանաձոր քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
Հանձնաժողովը փետրվարի 26-ին և 27-ին իրականացրել է «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի «21 ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի փետրվարի 24-ի և 25-ի ձայնագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական հաղորդումներում (փետրվարի 24-ին՝ 3 լրատվական հաղորդում, փետրվարի 25-ին՝ 9 լրատվական հաղորդում) նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:
Օրակարգի հաջորդ հարցերը վերաբերել են «ՅՈՏԱ» և «ԷՅՉՆԵԹ» ՍՊԸ-երի նկատմամբ հարուցված վարչական վարույթներին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերությունների կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:
Ցանցային օպերատորների ներկայացրած պարզաբանումներին կից Հանձնաժողովին է տրամադրվել համապատասխան տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու պայմանագրերը, որոնցից պարզ է դարձել, որ Ընկերությունները չեն խախտել Օրենքի դրույթները, և բոլոր տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են համապատասխան պայմանագրերի և դրանց ժամկետների երկարաձգման համաձայնագրերի հիման վրա։
Հանձնաժողովը, հաշվի առնելով ներկայացրած փաստաթղթային ապացույցները, որոշեց կարճել վերոնշյալ վարչական վարույթները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։




