Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը՝ «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, մարտի 28-29-ը համատեղ կազմակերպել են Ընտրությունների լուսաբանման վերաբերյալ աշխատաժողովը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվությանը, կողմնակալությանը, անհավասար հասանելիությանը, ինչպես նաև ներկայացվել է ոլորտը կարգավորող ներպետական, միջազգային իրավական և կարգավորիչ շրջանակը։
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի ավագ պատասխանատու Նաիրա Մելիքսեթյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից աշխատաժողովին ներկա են եղել ՀՌՀ նախագահի օգնական Լիլիա Սիմոնյանը, ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը, ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը։
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռաստո Կուզելն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է ապատեղեկատվության և տեղեկատվական հոսքերի հետ աշխատանքի միջազգային փորձը։ Աշխատաժողովի երկրորդ օրը «Իրավական կարգավորումները նախընտրական քարոզարշավի ընթացքում» թեմայով զեկույցով հանդես է եկել ՀՌՀ-ի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը։
Միջոցառման նպատակներն էին մասնակիցների գիտելիքների բարելավումը ընտրական հաղորդակցության և ԶԼՄ-երի վարքագծի առնչությամբ ներպետական, եվրոպական չափանիշների ու լավագույն փորձի, ընտրությունների ընթացքում ԶԼՄ-երի, ընտրական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի դերերի ու պարտականությունների վերաբերյալ, կարողությունների ամրապնդումը ՝ բացահայտելու և հասցեագրելու ապատեղեկատվության, կողմնակալության հետ կապված ռիսկերը, ինչպես նաև ընտրությունների լուսաբանման էթիկական և մասնագիտական չափանիշների պահպանման խրախուսումը՝ թե ավանդական, թե առցանց ԶԼՄ-երում։











