Փետրվարի 5-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել է 2025 թվականին Հանձնաժողովի կատարված աշխատանքները, այդ թվում՝ անդրադարձել է հարուցված վարչական վարույթներին և դատական գործերին:

«Վերջին տարիներին Հանձնաժողովը զգալիորեն ավելացրել է վերահսկողական վարույթների քանակը։ 2025 թվականին ՀՌՀ-ն նախաձեռնել է 84 վարչական վարույթ, մինչդեռ 2011-2018թթ․ ընթացքում՝ 15։ 2019 թվականից մինչև նախորդ տարի մենք նախաձեռնել ենք մոտ 400 վարույթ, որոնց արդյունքում որոշ լրատվամիջոցներ ենթարկվել են պատժամիջոցների»,- նշել է Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ նախագահի խոսքով՝ վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը։

«Այս պատժամիջոցները հանրօգուտ բնույթ ունեն, քանի որ մենք չենք կարող թույլ տալ այնպիսի գովազդ կամ բովանդակություն, որը վնասում է քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջությանը»,- շեշտել է Տիգրան Հակոբյանը։

Հանձնաժողովի կողմից 2025 թվականին՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, պատրաստվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ օրինակ, Արդարադատության նախարարությունը կամ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում օրենքի նախագծում ներքին, քաղաքական միջամտության դրույթի մասով։ «Ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը օրենքից հանվի։ Եթե չհանվի, մենք բոլորով պիտի մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա չպարունակի տարընթերցում»,- ասել է ՀՌՀ նախագահը։

Հակոբյանը հիշեցրեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված է այն դրույթը, ըստ որի համացանցը կարգավորման ենթակա չէ։ Նրա գնահատմամբ՝ չկարգավորված համացանցի հիմնական շահառուները ատելություն տարածող, ապատեղեկատվություն տարածող և հանրությանը մոլորեցնող անձինք են։ Նա օրինակ բերեց կեղծ բժշկական տեղեկությունները, «deep fake» տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքական շահարկումները և բռնության կոչերը՝ ընդգծելով, որ դրանք դարձել են համաշխարհային խնդիր։

«Վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, սկսեցին ավելի խիստ մոտեցումներ կիրառել համացանցի կարգավորման հարցում»,- նշել է Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ Հանձնաժողովն իր տեսլականը և առաջարկները ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խոսել է նաև նորաստեղծ հանրօգուտ բովանդակության ֆինանսավորման նպատակով ստեղծված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի մասին։ Նրա խոսքով՝ կրթական, մշակութային և մանկական հաղորդումները մեծ լսարան չեն ապահովում և միաժամանակ պահանջում են զգալի ֆինանսական ռեսուրսներ, ինչի պատճառով հեռուստաընկերությունների համար հաճախ շահավետ չէ դրանց արտադրությունը։

«Այս պայմաններում, երբ գովազդային եկամուտները նվազում են, հեռուստաընկերություններին բիզնես տեսանկյունից ձեռնտու չէ նման բովանդակություն ստեղծել։ Առաջին փուլում Կառավարությունը հիմնադրամին հատկացրել է 250 միլիոն դրամ։ Այս գումարը պետք է բաշխվի մոտ 10 հանրային և քաղաքային ծածկույթ ունեցող հեռարձակողների, ինչպես նաև 8 մարզային հեռուստաընկերությունների միջև»,– ասել է ՀՌՀ նախագահը։