Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 14-ին հյուրընկալեց մի շարք ռադիոընկերությունների տնօրեններին։

Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի խնդիրները, լսել հեռարձակողների մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ և համատեղ ուժերով գտնել դրանց լուծման ուղիները։

Ռադիոընկերությունների ղեկավարները տեղեկացրին Հանձնաժողովին ռադիոընկերությունները միավորող հասարակական կազմակերպության ստեղծման մասին։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր հերթին ողջունելով ՀԿ-ի ստեղծումը՝ նշեց, որ դա նաև կհեշտացնի Հանձնաժողովի աշխատանքը ռադիոընկերությունների հետ, քանի որ նույն խնդրի շուրջ բոլորի հետ առանձին-առանձին աշխատելը ոչ արդյունավետ է, իսկ մեկ միասնական կառույցի առկայության դեպքում բոլոր հարցերը շատ ավելի արագ կհասցեագրվեն։

Քննարկման ընթացքում բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններին և լրացումներին, ինչը էականորեն կազդի գովազդի շուկայի վրա ու կնպաստի ֆինանսական կայուն հոսքերի ներգրավմանը։

Տիգրան Հակոբյանը կարևորեց նման քննարկումների պարբերական բնույթը՝ ընդգծելով, որ Հանձնաժողովը պատրաստ է շարունակական երկխոսության և մշտապես պատրաստ է աջակցել ոլորտի ներկայացուցիչների բարձրացված հարցերի շուտափույթ լուծմանը։

Հանդիպման ավարտին ռադիոընկերությունների տնօրենների հարցերին նաև պատասխանեցին Հանձնաժողովի ներկայացուցիչները։