Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 12-ին գումարեց տարվա առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝
- «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 67 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 68 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 69 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 70 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- ՄԵՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՁ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 71 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց բավարարել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊԸ-ի դիմումը և ուժը կորցրած ճանաչել 2022թ․ դեկտեմբերի 28-ին Ընկերությանը տրամադրած ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիան:
Երկրորդ հարցը վերաբերում էր «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Ընկերությանը պատկանող «ՄԻԳ ՌԱԴԻՈ» լսողական ծրագրով 2025թ․ նոյեմբերի 13-ին և 14-ին հեռարձակվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդներ, որոնցում չեն նշվել կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը։ Հանձնաժողովը տուգանեց Ընկերությանը 500․000 ՀՀ դրամի չափով («Տեսալսողական մեդիայի մասին» oրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժ):
Օրակարգի հաջորդ չորս հարցերը վերաբերում էին «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ-ի «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրով, «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ-ի «ՓՈՓ ԷՖԷՄ» լսողական ծրագրով, «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի «ՌԱԴԻՈ ՇԱՆՍՈՆ» լսողական ծրագրով, ինչպես նաև ՄԵՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՁ-ի «ՌԱԴԻՈ ՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ» լսողական ծրագրով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտմանը (պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է)։
Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը՝ դեկտեմբերի 7-ին, հեռարձակել են գովազդներ։ ՀՌՀ-ն չորս ընկերությունների նկատմամբ կիրառել է Օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ յուրաքանչյուրին տուգանելով 400․000-ական ՀՀ դրամի չափով:
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
