Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 26-ին գումարեց իր հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
- «ՍԻԼՈՒԵՏ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 66 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 62 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 64 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 10 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 65 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց դեկտեմբերի 26-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Երկրորդ հարցը վերաբերում էր «ՍԻԼՈՒԵՏ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ի հեղինակազորման հայտին։ Ընկերությունը դեկտեմբերի 17-ին Հանձնաժողով է ներկայացրել հեղինակազորման հայտ։ Ուսումնասիրելով ընկերության հայտը՝ ՀՌՀ-ն որոշեց բավարարել հայտը և հեղինակազորել ընկերությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Երրորդ հարցը վերաբերում էր «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունմանը: ՀՌՀ-ն, ուսումնասիրելով դեկտեմբերի 1-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 66 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ կողմից հեռարձակվող «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» տեսալսողական ծրագրի եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքի պահանջները։
Հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 24–26-ը հեռարձակված «Սրտի տանիքներով» հաղորդումների ընթացքում եթերում տարածվել են տեղեկություններ «Պռոշյանի» գինու և կոնյակի գործարանի, ինչպես նաև գործարանի արտադրության «Ֆրունզիկ» գինու վերաբերյալ։
Այսպիսով, վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և փաստական հանգամանքների համադրման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» տեսալսողական ծրագրի ընթացքում, օրենքով արգելված ժամանակահատվածում հնչեցվել է ընկերության ֆիրմային անվանումը, որը ենթակա է գովազդի նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումների։ Արդյունքում արձանագրված գովազդը խախտում է «Գովազդի մասին» օրենքի 16¹-րդ հոդվածի դրույթով սահմանված պահանջը։
Հիմք ընդունելով «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ եթերում հնչեցված հիշատակումներն իրենց բովանդակությամբ կազմում են «հովանոցային գովազդ» և հակասում են օրենքի պահանջներին։ Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 500․000 դրամի չափով։
Օրակարգի հաջորդ երեք հարցերը վերաբերում էին «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊԸ-ների կողմից կատարված նույն իրավախախտմանը։ Վերջիններս տեսալսողական ծրագրերը վերահաղորդել են առանց համապատասխան իրավական հիմքերի։ Վերոնշյալ ընկերությունների նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» և «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊԸ-երին տուգանելով 50․000-ական դրամի չափով, իսկ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊԸ-ին՝ 74․884 ՀՀ դրամի չափով:
Նիստի օրակարգի վերջին հարցը «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊԸ-ի «ՌՈՒՍՍԿՈՅԵ ՌԱԴԻՈ» լսողական ծրագրի 24 ժամ շարունակ (նոյեմբերի 10-ից սկսած) հեռարձակումը ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Սևան՝ 96.3 ՄՀց, ք. Գավառ՝ 99․7 ՄՀց և ք. Մարտունի՝ 94.1 ՄՀց հաճախականություններով չապահովելու մասին էր։ Հանձնաժողովը, հաշվի առնելով Ընկերության ներկայացուցչի բերած փաստաթղթային ապացույցներն առ այն, որ իրավախախտման պատճառը ֆորս-մաժորի հետևանքով է առաջացել, որոշեց կարճել տվյալ վարչական վարույթը։
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
