Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 3-ին, 10-ին և 17-ին տեղի են ունեցել առցանց փորձագիտական քննարկումներ։

Կողմերը քննարկել են երկու երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկությունները, հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկման հետ կապված հարցերը, լիցենզավորման ընթացակարգերը, ինչպես նաև ուկրաինական կողմը ներկայացրեց եվրոպական չափորոշիչների, մասնավորապես՝ «Աուդիովիզուալ մեդիա ծառայությունների մասին» դիրեկտիվի ներդրումը և «Եվրոպական լրատվամիջոցների ազատության մասին» օրենքի (EMFA) և «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) դրույթների իրականացման նախապատրաստական աշխատանքները։

Անդրադառնալով խնդիրներին, հանձնաժողովների ներկայացուցիչները փաստեցին, որ երկու երկրների մեդիակարգավորող գործիքակազմը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին՝ նկատի ունենալով օնլայն մեդիատիրույթը և համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները, որոնք որևէ կերպ չեն կարգավորվում իրավական տիրույթում։

Առցանց հանդիպումների ընթացքում կողմերը նաև նշեցին, որ երկու երկրների կարգավորող մարմիններում օրենսդրական, վերահսկողական և գործառութային տարբերությունները շատ չեն, սակայն նմանատիպ քննարկումները օգնում են համատեղ վերլուծել աշխատանքային տարբեր իրավիճակները և դրանց լուծման ուղիները։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև առցանց ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերին երկու երկրների կարգավորող մարմինների միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր։