Նոյեմբերի 17-ին Հայ-ռուսական համալսարանում անցկացվեց «Արհեստական բանականությունը մեդիայում. սպառնալիքներ թե՞ նոր հնարավորություններ» թեմայով քննարկումը, որի բացմանը ելույթ ունեցավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Իր խոսքում ՀՌՀ նախագահը անդրադարձավ մեդիայում արհեստական բանականության արագ աճող կիրառությանը՝ հատուկ ընդգծելով ինչպես նոր հնարավորությունները, այնպես էլ ռիսկերն ու մարտահրավերները։
Տիգրան Հակոբյանը նշեց, որ այսօր ԱԲ-ն լայնորեն օգտագործվում է որպես օժանդակ գործիք՝ ուսուցիչների, լրագրողների և մեդիամասնագետների կողմից․
«Մենք հաճախ դիմում ենք չաթբոտների՝ ուղղումներ անելու, տեղեկություն ստանալու, բովանդակություն ստեղծելու կամ լուծումներ գտնելու համար։ Շատերս ԱԲ–ն ընկալում ենք որպես «աղախին» մեր աշխատանքում», – ասաց նա։
Միաժամանակ, միջազգային փորձագետների մի շարք գնահատականների համաձայն, առաջիկա տարիներին հնարավոր է ընդհանուր արհեստական բանականության՝ մարդկային մտածողությանը մոտ համակարգերի ձևավորման սկիզբը, նշեց Հակոբյանը։
«Կգրեք՝ «շունը շարժում է պոչը», իսկ ԱԲ-ն, առանց ձեր հրահանգի, կարող է դա փոխարինել՝ «պոչն է շարժում շանը»։ Սա արդեն լուրջ մարտահրավեր է»,– ընդգծեց նա։
Եզրափակելով՝ ՀՌՀ նախագահը կոչ արեց ոչ միայն ընդունել արագ փոփոխվող իրողությունները, այլև նախապես պատրաստվել դրանց՝ ապահովելով, որ ԱԲ տեխնոլոգիաները ծառայեն հասարակության շահերին, տեղեկատվական միջավայրի բարելավմանը և մեդիա ոլորտի կայուն զարգացմանը։
