Նոյեմբերի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալեց Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին և միության անդամներին՝ ոլորտային համագործակցությունը խորացնելու, օրենսդրական փոփոխությունները ներկայացնելու և ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում վերհանված մի շարք մարտահրավերներ, ինչպես նաև մանրամասն քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրին նախագծի առանցքային դրույթները, իսկ ցանցային օպերատորների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց դիտարկումներն ու խնդիրները։

Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանդիպման հնարավորության համար՝ նշելով. «Շնորհակալ ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որ սիրով և պատրաստակամությամբ ընդունեց մեզ այսօր այստեղ։ Կքննարկենք այն բոլոր հարցերը, որոնք առաջանում են մեզ մոտ: Ցանկանում եմ, որ այսօրվա քննարկմանը ոչ թե պարզապես բարձրաձայնենք խնդիրները, այլ նաև գտնենք դրանց լուծումները»։

Կողմերը փոխանակեցին առաջարկներ օրենսդրական նախաձեռնության կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով ոլորտի բաց, արդիական և արդյունավետ կարգավորման կարևորությունը։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց. «Ամենակարևորը մեր քաղաքացիներին որակյալ բովանդակությամբ ապահովելն է և մեր երկրի տեղեկատվական անվտանգությունը ուժեղացնելը»։

Քննարկման կարևոր ուղղություններից էր անօրինական IPTV/OTT և այլ հարթակներով տեսալսողական ծրագրերի տարածման դեմ պայքարի իրավական և վարչական մեխանիզմների ձևավորումը: Ընդգծվեց, որ հեղինակային իրավունքների պաշտպանությունը և ապօրինի շրջանառության նվազեցումը ոլորտի կայուն զարգացման հիմնարար նախապայմաններն են։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքային խորհրդակցությունները՝ առաջիկայում ներկայացնելու համատեղ մշակված առաջարկություններն ու ոլորտի խնդիրների լուծման ուղղված քայլերը։