2025 թվականի հուլիսի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր վեց հարց.
- «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ․
- «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊ ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:
- Անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամվելի Հայրիյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 33 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)․
- «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)․
- «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 34 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
Օրակարգն հաստատելուց հետո քննարկման դրվեց առաջին հարցը, որը վերաբերում էր «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Fashion TV HD» տեսալսողական ծրագրի ծանուցմանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի դրույթներով՝ միաձայն հաստատեց «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Fashion TV HD» տեսալսողական ծրագրի ծանուցումը։
Երկրորդ հարցը վերաբերում էր «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊ ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում կայացրեց «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊ ընկերությանը տրամադրել ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու իրավունքով։ Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով «ՖՈՐ ՅՈՒՆԻԹԻ» ՍՊ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 4-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 96-Ն որոշմամբ հաստատված «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը»։
Օրակարգային երրորդ հարցը կապված էր Անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամվելի Հայրիյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցնելու դիմումին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամվելի Հայրիյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։ Որոշման հիմք է հանդիսացել Գևորգ Սամվելի Հայրիյանի կողմից 2025 թվականի հուլիսի 10-ին ներկայացված դիմումը՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Օրակարգային չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հարցերը վերաբերում էին «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ, «ՌԱՅ ՏՎ» ՍՊ, «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցերին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում կայացրեց վարչական տույժեր կիրառել երեք ցանցային օպերատոր ընկերությունների՝ «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ, «ՌԱՅ ՏՎ» ՍՊ, «Ց․Ա․Ա․Ա․Է․» նկատմամբ, որոնք խախտել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները։
Հանձնաժողովի մշտադիտարկման և տեղում դիտարկման արդյունքները փաստել են, որ նշված ընկերությունները վերահաղորդել են տեսալսողական ծրագրեր առանց անհրաժեշտ պայմանագրերի, ինչպես նաև առանց Հանձնաժողովին պատշաճ իրազեկելու վերահաղորդվող ծրագրերի ցանկում կատարված փոփոխությունների մասին՝ խախտելով օրենքի 49-րդ հոդվածի պահանջները։
Ընկերությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կազմված արձանագրություններին, առարկություններ չեն ներկայացրել և հիմնականում ընդունել են հայտնաբերված խախտումները։
Հաշվի առնելով վերլուծված փաստերն ու օրենքի պահանջները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը երեք ընկերությունների նկատմամբ կիրառել է օրենքով սահմանված վարչական տույժ՝ յուրաքանչյուրի նկատմամբ նշանակելով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք։
Որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։