2025 թվականի հունիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց.

1.Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի հրապարակում։

2. «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի քննարկում։

3. «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 7 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

4. «ՁԱԳԵՁՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 30 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

Օրակարգն հաստատելուց հետո, ներկայացվեց առաջին հարցը, որը վերաբերում էր «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի հրապարակմանը: «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության ներկայացուցչին տրամադրվեց 30 րոպե՝ իրենց ծրագրերը Հանձնաժողովին ներկայացնելու համար։ Ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու մրցույթի մասնակցին։ Մրցույթի հայտերը կքննարկվեն և որոշում կկայացվի 60 օրվա ընթացքում։

Այնուհետև քննարկվեց «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի հեղինակազորման հայտը։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 43-րդ հոդվածի դրույթներով՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել հայտը։ Որոշումը ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Երրորդ հարցը կապված էր «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը: Հանձնաժողովի որոշմամբ «ՅՈՐՆԵԹ» ՍՊԸ-ին տրվել է գրավոր նախազգուշացում՝ «Ռոզալի» ֆիլմի ապօրինի ցուցադրման համար:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի մայիսի 19-ին, «ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, վարչական վարույթ է հարուցել «ՅՈՐՆԵԹ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Պարզվել է, որ վերջինս առանց համապատասխան թույլտվության իր ֆիլմադարանում ներառել է «Ռոզալի» խաղարկային, կատակերգական ֆիլմը և իրականացրել ոչ գծային տեսալսողական տեղեկատվության տարածում։ Հանձնաժողովը որոշել է կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ օրենքի երկու խախտման հիմքով՝ «Ռոզալի» խաղարկային, կատակերգական ֆիլմն առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվության ցուցադրելու համար։

Հանձնաժողովը կիրառել է վարչական տույժ` գրավոր նախազգուշացում՝ օրենքի երկու խախտման հիմքով՝

  • առանց հեղինակային իրավունքի ֆիլմի ցուցադրման համար,
  • և առանց թույլտվության ոչ գծային հեռարձակման գործունեություն իրականացնելու համար։

Ընկերությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում վերացնել խախտումները։ Որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ երկամսյա ժամկետում։

Վերջին հարցը վերաբերում էր «ՁԱԳԵՁՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ 2025 թվականի մայիսի 8-ին «ՍՅՈՒՆԻՔ ԹԻՎԻ» ծրագրով հեռարձակվել է «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը՝ առանց իրավատիրոջ թույլտվության և առանց հայերեն թարգմանության (կրկնօրինակման կամ ենթագրերի)՝ ռուսերեն լեզվով։

«ՁԱԳԵՁՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր իրավունքի առկայությունը։

Հանձնաժողովը կայացրել է որոշում՝

  • կիրառել գրավոր նախազգուշացում՝ առանց իրավունքի ֆիլմ հեռարձակելու համար,
  • և նշանակել տուգանք՝ 200,000 ՀՀ դրամի չափով՝ հայերեն ընկալման միջոցների բացակայության համար։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։