Մայիսի 14-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մեկնարկեց Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի (EPRA) 61-րդ տարեկան համաժողովը։
Այս կարևորագույն համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել 47 երկրների 55 կարգավորող մարմինների ներկայացուցիչների՝ քննարկելու մեդիա ոլորտի արդի խնդիրներն ու կարգավորումների զարգացման միտումները։
Հանդիպման պաշտոնական ընդունելության ընթացքում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն՝ ընդգծելով ազատ, բազմազան և ժողովրդավարական մեդիա միջավայրի ամրապնդման կարևորությունը։
Հայաստանը համաժողովում ներկայացված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությամբ։ Հանձնաժողովը, որպես EPRA-ի անդամ, շարունակում է ակտիվ ներգրավվածությունը եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման, իրավակարգավորումների կատարելագործման և մեդիա քաղաքականության համահունչ զարգացման գործընթացներում։
Համաժողովի օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝
«Երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում»,
«Ինչո՞վ է բնութագրվում ապացույցների վրա հիմնված կարգավորող մարմինը»։
Մասնակից երկրների կարգավորող մարմինները ներկայացնում են իրենց լավագույն փորձը, մասնակցում հարցուպատասխանի և քննարկումների։
EPRA-ի հաջորդ՝ 62-րդ տարեկան համաժողովը կանցկացվի Հայաստանում՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-24-ը։ Այդ կապակցությամբ Հանձնաժողովի պատվիրակությունը համաժողովի ընթացքում ներկայացրել է տեսանյութ Հայաստանի մասին՝ շարունակելով EPRA-ի ավանդույթները։
Բացի այդ, հայկական կողմը որպես հուշանվեր ընտրել էր ձեռագործ «Գյումրիկներ»՝ պատրաստված հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների աջակցությամբ:
Հանձնաժողովը, հանդիսանալով EPRA-ի ակտիվ անդամ, շարունակում է խորացնել համագործակցությունն իր եվրոպական գործընկերների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել փորձի փոխանակումը, կատարելագործել իրավակարգավորումները և խթանել մեդիա քաղաքականության համահունչ զարգացումը։
Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը (EPRA) միավորում է 56 կարգավորող մարմիններ 47 երկրներից՝ նպաստելով փորձի փոխանակմանը, մեդիա քաղաքականության արդի մարտահրավերների վերլուծությանը և ապացույցների վրա հիմնված մեդիա կարգավորման խթանմանը։ EPRA-ն գործում է որպես համագործակցության հարթակ՝ ուժեղացնելով ժողովրդավարական արժեքները, խոսքի ազատությունը և մեդիա բազմազանությունը։
Համաժողովը կշարունակվի մինչև մայիսի 17-ը՝ ներառելով մասնագիտական քննարկումներ, աշխատանքային խմբերի նիստեր և երկխոսության հարթակներ՝ մեդիա դաշտի թվայնացման, բազմաբնույթ պլատֆորմների վերահսկման և խոսքի ազատության պաշտպանության շուրջ։






