Մայիսի 6-ին Երևանում մեկնարկել է երկօրյա համաժողով՝ նվիրված թվային ռադիոհեռարձակման զարգացմանը Հայաստանում։ Այն կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհաղորդիչ ցանցի կողմից:
«Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» համաժողովը համախմբել է ոլորտի տեղական և միջազգային փորձագետներին՝ քննարկելու տեխնոլոգիական անցման մարտահրավերներն ու հնարավորությունները։
Համաժողովին մասնակցում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր մայիսի 7-ին հանդես կգան ելույթով՝ ներկայացնելով հանձնաժողովի տեսլականը «Ռադիոհաճախականությունը որպես լրատվամիջոց. հանրային շահի ձայնի ապագայի ձևավորում» թեմայի վերաբերյալ։
Միջոցառման օրակարգում քննարկվում են հետևյալ հիմնական թեմաները․
1․ Թվային ռադիոհեռարձակման ներդրման տեխնիկական հնարավորությունները Հայաստանում
2․ Համաշխարհային փորձի վերլուծություն՝ առանձնահատուկ ուշադրությամբ եվրոպական մոդելներին
3․ Բովանդակային, իրավական և կարգավորող մարտահրավերներ
4․ Նոր հնարավորություններ հաղորդավարների և լսարանի համար
Համաժողովի գլխավոր հյուրերն են ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետներ՝
1․Լինդսեյ Քորնել – WorldDAB-ի Տեխնիկական կոմիտեի նախագահ, BBC Digital-ի գլխավոր ճարտարապետ
2․Վիլյամ Ջեքսոն – WorldDAB-ի հաղորդակցության ղեկավար
Թվային ռադիոն (DAB/DAB+) ռադիոհեռարձակման ժամանակակից ձևաչափ է, որը թույլ է տալիս ապահովել բարձր որակով, կայուն և աղմուկից զերծ ձայնային բովանդակություն՝ զգալի տեխնոլոգիական առավելություններով՝ համեմատած ավանդական FM/AM ռադիոյի հետ։
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Հայկ Բարսեղյանը։
«Ռադիոհաճախականությունը որպես մեդիա. ձևավորելով հանրօգուտ ձայնի ապագան» խորագրի ներքո Հայկ Բարսեղյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հայաստանյան ռադիոհեռարձակողների կերպափոխման հնարավորություններն ու մարտահրավերները` թվային անցման ժամանակաշրջանում:
«Թվայնացումը հանդիսանում է ռադիոյի ապագայի գլխավոր շարժիչ ուժը։ Թվային ռադիոհեռարձակման տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա զգալիորեն բարելավել հեռարձակման որակը, ընդլայնել ռադիոկայանների բազմազանությունն ու հասանելիությունը», – նշել է Բարսեղյանը։
Նա նաև կարևորել է հայկական սփյուռքի դերը ոլորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ հայկական ռադիոընկերությունները կարող են ընդլայնել իրենց միջազգային հեռարձակումը՝ հատկապես սփյուռքում ապրող հայության համար։ «Ինտերնետային ռադիոյի միջոցով հնարավոր է դառնալ հասանելի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար», – հավելել է հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ թվային ռադիոն (DAB/DAB+) ռադիոհեռարձակման ժամանակակից ձևաչափ է, որն ապահովում է բարձրորակ, կայուն և աղմուկից զերծ ձայնային բովանդակություն՝ զգալի տեխնոլոգիական առավելություններով համեմատած ավանդական FM/AM ռադիոյի հետ։




