Դադարեցվել է «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը

Ապրիլի 16-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց`

1․ «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 334 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

    2․ «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական         նախաձեռնությամբ հարուցված թիվ 23 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

    Օրակարգը  հաստատելուց հետո, ներկայացվեց առաջին հարցը։  «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  2025 թվականի ապրիլի 1-ին դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով`դադարեցնելու ցանցային օպերատորի գործունեության համար տրամադրված լիցենզիայի գործողությունը։

    Լիցենզիայի դադարեցման իրավական հիմքը սահմանված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում, համաձայն որի՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել իրավասու մարմնի դիմումի հիման վրա։ Բացի այդ, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է լիցենզիայի դադարեցումը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։

     Հանձնաժողովը հիմք ընդունելով Ընկերության դիմումը՝ որոշում է ուժը կորցրած ճանաչել «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊԸ-ին 2022 թվականի հունիսի 21-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։

    Ըստ ընդունված որոշման՝ վերջինս ուժի մեջ է մտնում Ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Միաժամանակ, որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

    Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, դիտարկելով «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ 2025 թվականի ապրիլի 4-ին հարուցված թիվ 23 վարչական վարույթի շրջանակում ներկայացված փաստերը, որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին։

    Վարույթը հարուցվել էր այն հիմքով, որ «ԲԱԳԵՏ» ՍՊԸ Հանձնաժողովին չի ներկայացրել 2024 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը՝ ինչպես պահանջվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով։

    Ցանցային օպերատորը վարույթի ընթացքում պարզաբանել է, որ համապատասխան տեղեկությունը 2025 թվականի փետրվարի 18-ին ուղարկվել է Հանձնաժողովի քարտուղարության պաշտոնական էլ. հասցեին: Հանձնաժողովի քարտուղարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ նշված նամակը քարտուղարության էլ. փոստում փաստացի չի ստացվել, ինչը կարող է պայմանավորված լինել տեխնիկական խնդիրներով։ Այնուամենայնիվ, վարչական վարույթի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժինը  հիմնավոր կասկած չի ունեցել ներկայացված ապացույցների իսկության վերաբերյալ։

    Հաշվի առնելով ներկայացված փաստերը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով՝ կողմնակի տեխնիկական խնդիրների հետևանքով առաջացած թյուրիմացության պատճառով վարչական իրավախախտման դեպք կամ կազմ չի հաստատվել, և վարչական վարույթը ենթակա է կարճման։