Ապրիլի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց`
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ։
Օրակարգը հաստատելուց հետո որոշում կայացվեց հրապարակել 2025 թ. մարտի 30-ին Շիրակի մարզի Գյումրի համայնքում կայացած արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։
Ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը՝ 2025 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 28-ը ներառյալ, անցկացվել է Հանձնաժողովի կողմից հաստատված կարգերի և մեթոդաբանության շրջանակում։
Հանձնաժողովը արձանագրել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրամադրվել է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի եթերաժամ՝ համաձայն սահմանված կարգի։
Հարկ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ նախընտրական քարոզչությունը զգալիորեն տեղափոխվել է համացանցային տիրույթ: Միևնույն ժամանակ, համացանցում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը անթաքույց կերպով կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և դրսևորում խտրականություն, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված։
Նշենք նաև, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված Հանձնաժողովը հարուցել է երկու վարչական վարույթ՝ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության «ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի մասով, ինչպես նաև 2025 թվականի մարտի 28 -ին և 31-ին Հանձնաժողովը դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության
միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ժամանակ հնչեցված առանձին արտահայտությունների մասով, և «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության «ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի մասով, հաշվի առնելով, որ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով, ի թիվս այլնի, սահմանված է, որ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Դիտորդ մարմինը իր եզրակացությունները դեռ չի տրամադրել։
Հավելենք, որ հաշվետու ժամանակահատվածում պետական մարմիններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից, զանգվածային լրատվամիջոցներից և քաղաքացիներից դիմում-բողոքներ չեն ստացվել։
Ընտրությունների քվեարկության օրը և դրան նախորդող օրը որևէ ձևով նախընտրական քարոզչության իրականացման արգելքի խախտում չի արձանագրվել։
Մանրամասն՝ https://tvradio.am/wp-content/uploads/2025/04/34-25.pdf