Ապրիլի 3-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝
Օրակարգը հաստատելուց հետո, որոշում կայացվեց հրապարակել մայրաքաղաքային սփռման լսողական ծրագրի հաճախականության օգտագործման մրցույթի մասնակիցների ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել չորս ընկերություններ՝ «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ, «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ, «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ և «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ:
Մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օրը սահմանվել է 2025 թվականի ապրիլի 9-ը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատեց «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցումը: Ծրագրում ներառված չէ գովազդ, և այն համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են Դիստրիբյուտորի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք ամբողջական են և չեն պարունակում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ: Ծանուցման համաձայն՝ Դիստրիբյուտորը չի հանդիսանում տեսալսողական մեդիածառայություն մատուցող, ցանցային կամ մուլտիպլեքս օպերատորի հիմնադիր կամ մասնակից:
Դիստրիբյուտորը և АО «ФЕНИКС-ТВЕРЬ» ընկերությունը 2025 թվականի հունվարի 20-ին կնքել են № 2 համաձայնագիրը, որով փոփոխություն է կատարվել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված № 701-1/ФТ պայմանագրում՝ ավելացնելով «Аппетитный» տեսալսողական ծրագիրը՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի դրույթները, հաստատել է Դիստրիբյուտորի ծանուցումը:
Օրակարգային երրորդ և չորրորդ հարցերը վերաբերում էին «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊԸ-ի ցանցային օպերատորների գործունեությանը:
Նիստի ընթացքում որոշում կայացվեց բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊԸ-ի ցանցային օպերատորների գործունեության լիցենզիաները:
Նշենք, որ 2025 թվականի մարտի 24-ին «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊԸ-ն դիմել էին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար:
«ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊԸ-ն «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի գծով պարտավորություն չունեն:
Հիշեցնենք, որ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը սահմանված են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, որը սահմանում է, որ լիցենզիան դադարեցվում է, եթե դրա մասին ներկայացվում է դիմում: