Այսօր՝ մարտի 31-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է նիստ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝
Օրակարգը հաստատելուց հետո, ներկայացվեց առաջին հարցը։ Համաձայն Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների՝ «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի 2025 թվականի փետրվարի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակված որոշ ֆիլմեր պարունակել են ծխելու տեսարաններ, որոնք չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։ Այսպիսով Հեռարձակողը չի պահպանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն արձանագրեց Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտումը և որոշեց «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տույժ՝ տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որում նշված է, որ «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, վերահաղորդում են մի շարք տեսալսողական ծրագրեր։ Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից իրականացված տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են՝ «Россия-К», «Россия-24», «НТВ-Мир», «НТВ Сериал», «Звезда», «Сарафан» և «Т24» տեսալսողական ծրագրերը։ Ցանցային օպերատորը տեղեկացվել է հարուցված վարչական վարույթի մասին, սակայն պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել։ Քննարկման ընթացքում արձանագրվեց, որ ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելով» Հետևաբար, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ, տուգանելով 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշմամբ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժին՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելուն: Այս հարցի քննարկման համատեքստում կարևոր է արձանագրել, որ Հեռարձակողը 2025 թվականի մարտի 28-ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն այն մասին, որ 2025 թվականի մարտի 27-ի դրությամբ ամբողջությամբ վճարել է ՀՀՌՑ-ի հանդեպ պարտավորությունը՝ կից ներկայացնելով վճարման անդորրագրերը։ Ելնելով վերոգրյալից Հանձնաժողովը որոշեց, վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշմամբ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը։