Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մարտի 14-ին գումարվել է նիստ, օրակարգում՝ «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության (hին անվանումը՝ «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» ՍՊԸ)` ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ, «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության, «։ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի և «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման հարցերը։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, Հանձնաժողովի կողմից քննարկման դրվեց օրակարգի 1-ին հարցը։ Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները և «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության (հին անվանումը՝ «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» ՍՊԸ) ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի մարտի 11-ի դիմումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց բավարարել «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության դիմումը և 2025 թվականի մարտի 24-ից տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
Ներկայացնելով օրակարգի 2-րդ՝ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին հարցը, նշվեց, որ սույն վարույթը իրականացվել է բողոքի հիման վրա։ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որում նշված է, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, վերահաղորդվում են մի շարք տեսալսողական ծրագրեր։
Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից իրականացված տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են «Երկիր Մեդիա», «Россия К», «Կինոման», «Բազմոց TV», «Խաղալիք», «Հայ TV», «Մուզզոն», «Թավա TV», «Լոռի TV», «Ազատություն TV», «Հ2», «Россия 24», «Че!», «Домашний», «Пятница!», «Кухня», «Авто плюс», «Звезда», «Discovery Channel», «ID», «НТВ», «Кинопремьера», «Кинохит», «Киномикс», «Киносвидание», «Карусель», «Индийское кино», «ШансонТВ», «Боец», «Солнце», «ТНТ music», «Eurosport 1» և «Eurosport 2» տեսալսողական ծրագրերը՝ առանց համապատասխան վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի։
Ցանցային օպերատորը տեղեկացվել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ, սակայն պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել։
Հարցի քննարկման ընթացքում, Հանձնաժողովն արձանագրեց, որ մեկ տարվա ընթացքում «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել է վարչական տույժ՝ մի շարք տեսալսողական ծրագրեր առանց համապատասխան վերահաղորդման իրավունքի վերահեռարձակելու համար։
Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ, տուգանելով 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Օրակարգային երրորդ՝ «։ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի նկատմամբ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված թիվ 5 վարչական վարույթի, վարչական ակտի ընդունման հարցի քննարկման ընթացքում, նշվել է, որ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է օտար լեզվով (ռուսերեն) «Ծաղիկը քարի վրա» (ռուսերեն՝ «Цветок на камне») ֆիլմի հեռարձակումը։
Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 12-ին հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել է Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել իր պարզաբանումները և բացատրությունները, սակայն Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի ընթացքում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։
Հանձնաժողովն արձանագրեց, որ Հեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը՝ տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմը) հեռարձակել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված դրույթի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով՝ առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով)։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշեց, «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նկատմամբ կիրառել տույժ` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
Վերջին օրակարգային հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով Հանձնաժողովին վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ»ՍՊ ընկերության «ՏԱՎՈՒՇ ԷՖԷՄ» լսողական ծրագրի կողմից օրենքի դրույթի պահանջի խախտման հատկանիշներ՝ Հեռարձակողի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում: Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք դրույթներով, 2025 թվականի փետրվարի 24-ին Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ 24 ժամ տեսալսողական հաղորդումների հեռարձակում չապահովելը հանդիսանում է Հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցման հիմք։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2025 թվականի փետրվարի 25-ին ծանուցել է Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել իր պարզաբանումները և բացատրությունները, սակայն Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի շրջանակներում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել Հանձնաժողով:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթները և ղեկավարվելով Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեցՀեռարձակողի նկատմամբ կիրառել վարչական տույժ, կասեցնել «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ»ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով։