«ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները տուգանվեցին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 17-ին գումարվել է հանձնաժողովի նիստ։ Օրակարգում՝ «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության՝ Ախթալա և Ապարան
քաղաքներում հատկացված հաճախականությունները փոխելու դիմումի, «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի կողմից քննարկման դրվեց օրակարգի 1-ին հարցը։

Հանձնաժողովը հիմք ընդունելով «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության 2024
թվականի դեկտեմբերի 19-ի և 2025 թվականի փետրվարի 10-ի դիմումները և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 01/11.1/737-2025 գրությունը, որոշեց՝ Հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 52-Ա որոշմամբ «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը Ախթալա և Ապարան քաղաքներում հատկացված համապատասխանաբար 103․6 ՄՀց և 107․2 ՄՀց հաճախականությունները փոխարինել 87.9 ՄՀց և 107.3 ՄՀց հաճախականություններով։

Ներկայացնելով օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների (այսուհետ նաև՝ Հեռարձակողներ) տեսալսողական ծրագրերի ընթացքում «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտման հատկանիշներ, այն է՝ «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՇԱՆԹ» տեսալսողական ծրագրի և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» տեսալսողական ծրագրի 2025
թվականի հունվարի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակվել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի («AMIO BANK») գովազդը, որում օգտագործվել են անչափահասների կերպարներ։

Հանձնաժողովը Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, այդ մասին ծանուցել վերջիններիս և հայտնել, որ նշված հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումներն ու բացատրությունները։ Հեռարձակողները նշված գրության և հարուցված վարչական վարույթների վերաբերյալ ներկայացրել են իրենց բացատրություններն ու պարզաբանումները։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների
ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրեց, որ «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների տեսալսողական ծրագրերի ընթացքում հեռարձակվել է գովազդ, որում օգտագործվել են անչափահասների կերպարներ՝ խախտելով «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով սահմանված պահանջը, այն է արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին։ Նշված դրույթի պահանջը խախտելու դեպքում կիրառվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: