Հուլիսից Հայաստանի հեռուստալսարանը նոր Չափող կունենա 

2023 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա, ամրագրեց, որ հեռուստաընկերությունները կարող են միավորվել և ստեղծել Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե, որը կամավոր անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է։ 

Կոմիտեն  սահմանում է չափումների չափանիշները,  առավելագույնը հինգ տարով ընտրում է համապատասխան չափումներ կատարող կազմակերպությանը և վերահսկում է չափում կատարող կազմակերպության չափումների կատարումը։  

Հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող 13 հեռուստաընկերություններ արդեն միավորվել ու ստեղծել են ինքնակարգավորվող այս մարմինն ու ընտրել են հեռուստալսարանի ուսումնասիրություն իրականացնող նոր չափող ընկերությանը։ 

Կոմիտեի գործունեության ու նոր ընտրված Չափողի  մասին Media.am-ը զրուցել է Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Խորեն Բեգլարյանի հետ։ 

Ինդուստրիալ կոմիտե ստեղծելու անհրաժեշտության մասին երկար է խոսվում։ Վերջապես կարող ենք փաստել, որ այն արդեն գոյություն ունի։   

Ինդուստրիալ կոմիտեի անհրաժեշտությունը ինքս նկատել եմ դեռ 2007-2008 թվականներից, երբ առաջին չափող ընկերության տնօրենն էի։ Հեռուստաընկերությունների հետ առանձին-առանձին աշխատելը բավականին դժվար էր։ Հիմա, երբ ստեղծվել է Կոմիտեն, Չափողը յուրաքանչյուր հեռուստաընկերության հետ առանձին աշխատելու խնդիր չունի։ Ինքն արդեն աշխատում է կարգավորող մարմնի հետ։ Գիտի, որ Կոմիտեն պաշտպանում է հեռուստաընկերությունների շահերը՝ վերահսկելով Չափողին, սակայն նաև պարտավոր է օժանդակել, որ Չափողը նորմալ աշխատելու հնարավորություն ունենա։  

Ո՞րն է Կոմիտեի հիմնական նպատակն ու գործառույթը։ 

Մեր առաջնային խնդիրը հեռուստալսարանի չափումների գործընթացը ճշգրիտ ու թափանցիկ կազմակերպելն է։ Սակայն սրանից բացի, մենք պետք է կարողանանք նպաստել մեդիադաշտի կայունացմանն ու զարգացմանը, պետք է փորձենք մեր շուկան ավելի գրավիչ դարձնել միջազգային գովազդատունների համար։  

Հեռուստատեսությունը պետք է դիտարկվի որպես բիզնես, մեզ համար շատ կարևոր է դրանց զարգացումը։ Վերջին տարիներին այս բիզնեսը գնալով անկում է ապրում։   

Հիմա երբ, աշխատում ենք հեռուստաընկերությունների հետ, տեսնում ենք, որ նրանցից շատերն անգամ չգիտեն գովազդային ի՞նչ գործակալություններ կան շուկայում։ Մինչև այժմ նրանք իրենց ուժերով են փորձել աշխատել գովազդատուների հետ։ Սակայն, խնդիրը միայն նրանց աշխատելաոճի մեջ չէ։ 

ԱԺ-ն «Գովազդի մասին» օրենքով բազմաթիվ սահմանափակումներ ու արգելքներ է մտցրել, ինչն էլ էականորեն ազդել է հեռուստատեսային գովազդի շուկայի վրա։ Հիմա մենք շատ ակտիվ աշխատում ենք ԲՏԱ նախարարության, ԱԺ-ի, ՀՌՀ-ի հետ։ Օրենքի նոր նախագիծ է պատրաստվում, որի քննարկումներին մենք էլ ենք մասնակցում։ Հեռուստաընկերությունները ներկայացնում են իրենց խնդիրները, մենք էլ փորձում ենք դրանք բարձրաձայնել այդ քննարկումների ժամանակ։  

Կոմիտեն ունի նաև մարզային հեռուստաընկերություններին աջակցելու պարտավորություն։ Մարզային հեռուստաընկերությունները ռոտացիոն կարգով և խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են միանալ մեզ։ Հաշվի առնելով նրանց ֆինանսական խնդիրները՝ այս տարբերակով ենք աշխատում նրանց հետ, որպեսզի դեռ չվճարեն Կոմիտեի անդամավճարը։ Սակայն, բարձրաձայնում ենք նրանց խնդիրները, օրինակ դիմել ենք ԲՏԱ նախարարություն, ՀՀՌՑ՝ պարտքերի պատճառով անջատումների հարցի շուրջ լուծումներ գտնելու նպատակով։  

Հիմա բանակցում ենք նաև գովազդային գործակալությունների հետ, նրանցից մի քանիսն անդամակցության դիմումներ են ներկայացրել։  

Փորձում ենք անդամակցել միջազգային գործընկեր կառույցներին՝ միջազգային Ինդուստրիալ կոմիտեին, Գովազդային գործակալությունների համաշխարհային ասոցիացիային։ Էլի շատ կազմակերպություններ ու ասոցիացիաներ կան, որոնց շարքերը մենք կհամալրենք։ Այս ամենը մեզ կտա ճանաչելիություն, շփում, նոր հնարավորություններ։  

Հոդվածն ամբողջությամբ տես www.media.am կայքում։