Փոփոխություններ և լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

Տեխնիկական բնույթի, բայց և միեւնույն ժամանակ իր կարևորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:

Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:

Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:

Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները, և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով մարզային հեռուստաընկերությունների գործունեության վերահսկմանը, կարգավորվող գործիքակազմի սահմանմանը:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Եզրափակիչ ելույթում Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևողական աշխատանք է տանում՝ գեներացնելով հավելյալ ռեսուրսներ՝ առկա խնդիրները ճիշտ հասցեագրելու և քայլ առ քայլ լուծելու համար:

Նյութի աղբյուրը՝ http://www.parliament.am/ կայք։