Կասեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ», «ՄԱՅ ՆԵՏ» և «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի պահանջի խախտման փաստ, այն է՝ Հեռարձակողը 24 ժամ շարունակ չի ապահովել «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի միջոցով լսողական հաղորդումների հեռարձակումը:

Հանձնաժողովը, հիմք ընդունելով Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Նիստի ընթացքում Հեռարձակողի ներկայացուցիչը նշեց, որ Ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնց պատճառով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» Ընկերությունը դադարեցրել է լսողական հաղորդումների հեռարձակումը։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը։ Ավելին, լսողական հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ որևէ հիմնավորում Հանձնաժողով չի ներկայացրել և մինչ օրս չի հեռարձակում «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագիրը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով:

Ներկայացնելով օրակարգային երկրորդ հարցը նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ընկերության դիմումը, որտեղ նշված է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու փաստի վերաբերյալ։

Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ընկերության դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

«ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ընկերությունը դիմումով հայտնել է, որ ցանցային օպերատորը ապօրինի վերահաղորդել է նաև այն տեսալսողական ծրագրերը, որոնց վերահաղորդման իրավունքը տրամադրելու իրավասությունը պատկանում է Ընկերությանը։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցել է ցանցային օպերատորին, սակայն, ցանցային օպերատորը պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, ցանցային օպերատորի մոտ տեղում դիտարկման միջոցով իրականացրել է մշտադիտարկում և կազմել արձանագրություն։

Գործի բոլոր փաստական հանգամանքները բացահայտելու և առկա ապացույցները գնահատելու նպատակով՝ Հանձնաժողովը ցանցային օպերատորին հայտնել է, որ անհրաժեշտ է Հանձնաժողով ներկայացնել ցուցադրված տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքը հավաստող իրավական հիմքերը պայմանագրերը, ինչպես նաև «ՄԱՅ ՆԵՏ» ընկերության կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ամբողջական ցանկը։

Ցանցային օպերատորը նշված գրության վերաբերյալ որևէ պատասխան և պարզաբանում չի ներկայացրել։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ «ՄԱՅ ՆԵՏ» ընկերության նկատմամբ 2024 թվականին երկու անգամ արդեն իսկ կիրառվել է վարչական տույժ, սակայն ընկերության գործունեության տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորը շարունակում է ապօրինի վերահաղորդել տեսալսողական ծրագրեր, որոնք օրենքի խախտմամբ վերահաղորդելու համար արդեն իսկ ենթարկվել է պատասխանատվության Հանձնաժողովի համապատասխան որոշումներով։

Ցանցային օպերատորը վարչական վարույթի շրջանակում չի ներկայացրել որևէ բացատրություն և պարզաբանում, չի ներկայացրել նաև Հանձնաժողովի կողմից տեղում դիտարկման ընթացքում արձանագրված տեսալսողական ծրագրերի վերահաղորդելու վերաբերյալ իրավական հիմքեր՝ պայմանագրեր։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Քննարկելով օրակարգային երրորդ՝ «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտման փաստ, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ԱՅՆԵԹ» ընկերությունն իրականացրել է տեսալսողական ծրագրերի առանց պայմանագրերի վերահաղորդում։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն։ Իրականացվել է արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով մուտքագրված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն և պարզել, որ «ԱՅՆԵԹ» ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չեն մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Հանձնաժողովը ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանման հետ միասին ներկայացրել է ընթացիկ վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկը։
Ցանցային օպերատորը իր պարզաբանման մեջ, հայտնել է, որ «(…) «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերությունը նախատեսում է տեսալսողական ծրագրերի վերահեռարձակումը՝ մոբայլ հավելվածների (Apple և Android), սմարթ հեռուստացույցների (Samsung, Tizen OS, LG OS, VIDA) և համակարգիչների բոլոր (browser)-ների միջոցով, ինչի համար կատարվում են բոլոր տեխնիկական և իրավական գործողությունները, այդ թվում իրավահաջորդների հետ պայմանագրերի կնքումը։ ․․․ վերահաղորդակցությունը ապահովելու վերը նշված ծրագրերը և հավելվածները դեռևս պատրաստ չեն: (…) «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերությունը նախատեսում է վերը նշված գործողությունները (հավելվածները, համակարգը, իրավական փաստաթղթերը) ավարտել 2025 թվականի մարտ ամսին հաշվի առնելով վերը նշված գործողությունների ծավալը և գործող համաձայնությունները»։

Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը կատարել է իրավախախտում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։