Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝«ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N337 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը բավարարել է «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» Ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 09․08․2022 թ․ տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան:
Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը նշվեց, որ Հանձնաժողովը տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «ՍՅՈՒՆԻՔ ՏՎ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։
Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «ՍՅՈՒՆԻՔ ՏՎ» տեսալսողական ծրագրի 2024 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակված որոշ ֆիլմեր պարունակել են ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանման մեջ հայտնել է, որ ամբողջությամբ ընդունում է Հանձնաժողովի արձանագրած խախտումը և ափսոսանք հայտնել դրա կապակցությամբ։ Միաժամանակ նշել, որ «Սյունիք» ՀԸ-ն այժմ գտնվում է տեխնիկական համալրման և վերազինման փուլում, իսկ Հանձնաժողովի արձանագրած խախտումը հետևանք է այն լայնամասշտաբ փոփոխությունների, որոնք դեռևս համակարգվածության խնդիրներ են առաջացնում։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողը փաստացի ընդունել է իրավախախտման փաստը, որի մասին նշել է իր պարզաբանման մեջ։
Հանձնաժողովը խախտումն արձանագրելիս կարևորում է նաև այն, որ ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակումն ըստ էության կապված է հանրային շահի հետ։ Այս դեպքում պետք է փաստել նաև, որ ծխախոտի դեմ պայքարն ուղղված է հանրային առողջության պահպանմանը և Հեռարձակողը պարտավոր է պահպանել Օրենքի վերոնշյալ դրույթի պահանջը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով: