ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանրային հեռարձակողի մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը փոխարինվել է հանրապետական սփռում ապահովող սլոթով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 344 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖՈՐՏՈՒՆԱ», «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ», «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարվել է փոփոխության, որն ուժի մեջ է մտել սթ մայիսի 22-ին,  համաձայն որի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողի մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացքում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով։ Ելնելով վերագրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը 14․11․2022 թվականին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման լիցենզիան:

Ներկայացնելով «ՖՈՐՏՈՒՆԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտ ընդունելու մասին հարցը նշվեց, որ «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի տեսագրության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահանջի խախտման փաստ:

Ըստ արձանագրության, Հեռարձակողի՝ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի 2024 թվականի ապրիլի 24-ի տեսալսողական հաղորդումների ընթացքում հեռարձակվել է գովազդ։

Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հեռարձակողը պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը հիմք ընդունելով Օրենքի դրույթները, ամրագրում է, որ «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի տեսալսողական հաղորդումների ընթացքում 2024 թվականի ապրիլի 24-ի՝ պետության կողմից հայտարարած սգո և հիշատակի օրը հեռարձակվել է գովազդ: Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովըորոշեց «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված  400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

«ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս նշվեց, որ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից արձանագրվել է տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել են արձանագրություններ, այնուհետ իրականացվել է մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։

Արդյունքում պարզվել է, որ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում բացակայում են տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։ Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթների մասին ծանուցել է ցանցային օպերատորներին, որոնք հարցի վերաբերյալ ներկայացնել են իրենց պարզաբանումներն ու բացատրությունները:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթների նյութերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին, ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկին և հայտնի է դարձել, որ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ցանցային օպերատորներն իրենց գործունեությունն իրականացնում են խախտելով Օրենքի պահանջը։

Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Օրակարգային վերջին հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի եթերում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթի պահանջի խախտման փաստ:

Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Ղեկավարվելով Օրենքի դրույթով՝ Հանձնաժողովը ՀՀ դատախազություն է ներկայացրել նշված իրավախախտման վերաբերյալ ձայնագրությունը համապատասխան ընթացք տալու համար և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված գրությունը, ընդունել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» որոշում։

2024 թվականի հունիսի 06-ին Հանձնաժողով է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի գրությունը քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, որով հայտնել են, ներկայացված հաղորդման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չկազմելու մասին։

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, այսինքն՝ համապատասխան մարմինների կողմից չի հայտնաբերվել և փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով՝ ուստի վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով Հեռարձակողի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: