ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ անդամները Վրաստանում մասնակցել են Եվրոպական Աուդիովիզուալ Օբսերվատորիայի փակ աշխատաժողովին

Վրաստանում հունիսի 12-14-ը տեղի է ունեցել Եվրոպական Աուդիովիզուալ Օբսերվատորիայի փակ աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՌՀ անդամներ  Նունե Հախվերդյանը և Արթուր Մանուկյանը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փոքր երկրների տեսալսողական շուկայի մրցունակությունը, կարգավորող մարմինների դերը, ոչ եվրոպական երկրներում կարգավորումների ստանդարտացումը։

ՀՌՀ անդամները ծանոթացել են եվրոպական երկրների տեսալսողական բովանդակության կարգավորման փորձին, Իսկ Նունե Հախվերդյանը մասնակցել է նաև Օբսերվատորիայի խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են 2024 թվականի հաշվետվությունների արդյունքները ու 2025 թվականի ծրագրերը։

Քննարկումների ընթացքում ներկայացվել է աուդիովիզուալ շուկայի վերջին միտումները՝ կինոթատրոնների, հեռուստատեսության, սթրիմինգային և համացանցային հարթակների փոխազդեցության, մրցակցության ու համագործակցության օրինակներով, անդրադարձ է կատարվել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներում ստանդարտների և կանոնների ներդրման պահանջին։

Տեղի է ունեցել պանելային քննարկում «Կարգավորիչ երկընտրանքների և փոքր շուկայի մարտահրավերների» թեմայով, որի հիմնական խնդիրներից են վճարովի մեխանզիմների ներդրումը (VOD, Pay TV), մեծ շուկաներին դիմակայելու ուժը։

Ներկայացվել են 2025-ի կատարման համար նախատեսված քայլերը, որոնց թվում են արհեստական բանականության ազդեցությունը տեսալսողական շուկայի վրա՝ կապված հեղինակային իրավունքների և էթիկական հարցերի հետ, վիդեո խաղերի ինդուստրիայի կարգավորման փորձը, որտեղ մեծ տարածում են ստացել ատելության խոսքը, երեխաների իրավունքների ոտնահարումը, ազգային անվտանգությունը սասանող ուղերձները։

Հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Օբսերվատորիայի աշխատանքներին հայկական կողմի ավելի ակտիվ մասնակցության՝ ոչ միայն կինոարտադրության առաջխաղացման, այլև կարգավորման ու ինքնակարգավորման ոլորտում։