Ռոտերդամում կայացել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի հերթական նստաշրջանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ Նիդերլանդների Թագավորութան Ռոտերդամ քաղաքում հունիսի 4-8-ը մասնակցել է կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 59-րդ նստաշրջանին, որին մասնակցել են եվրոպական 50 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են մեդիա գրագիտության և ընտրությունների, ինչպես նաև արհեստական բանականության և մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաներ։

Քննարկելով ընտրությունների ընթացքում կատարվող աշխատանքները, մասնավորապես՝ մշտադիտարկումը, նշվել է, որ մի շարք կարգավորող մարմիններ ընտրությունների ընթացքը վերահսկում են նաև առցանց տարածքում, իսկ մեդիա գրագիտությունը, համարվում է հասարակության կողմից ինֆորմացիայի ճիշտ ընկալման «միակ» ուղին, որի համար անցկացվում են հետազոտություններ, հատկապես ինֆորմացիայի ընկալման, ապատեղեկատվությունից խուսափելու և փաստերի ստուգման համար։

«Արհեստական բանականությունը (AI) և մեդիայի կարգավորումը» թեմայի քննարկման ընթացքում որոշ պետությունների ներկայացուցիչներ նշել են, որ արդեն իսկ սկսել են փորձարկել AI-ի գործիքակազմը կոնտենտի մշտադիտարկման մեջ։

Նստաշրջանի մասնակից պետությունները ներկայացրել են իրենց կարգավորման բնագավառի փոփոխություններն ու նորությունները։

Համաժողովի ընթացքում ՀՌՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիտվայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իտալիայի, Կիպրոսի և Հունաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ծրագրեր։