Այսօր՝ մայիսի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Վեդի քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու դիմումի, «ՖՐԻ ՆՅՈՒԶ», «ՄԱՅ ՆԵՏ», «ԿՈԼՄԵՆԱ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային առաջին երկու հարցերը, Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը, իսկ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը Վեդի քաղաքում հատկացված 89.3 ՄՀց հաճախականությունը փոխարինել 96.7 ՄՀց հաճախականությամբ։
Օրակարգային հաջորդ հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։ Մասնավորապես՝ ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի 2024 թվականի ապրիլի 19-ին և ապրիլի 20-ին հեռարձակված Համո Սահյանին նվիրված հաղորդումը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք, սակայն, չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանման մեջ հայտնել է․ «Հայտնում և հաստատում ենք որ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաընկերության եթերում, ապրիլի 20-ին, մշակութային ծրագրերի շարքը համալրող Համո Սահյանին նվիրված տեսանյութը, ցավոք եթեր է հեռարձակվել չմոնտաժված և ոչ վերջնական տարբերակը»։
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրվել է, որ Հեռարձակողը փաստացի ընդունել է իրավախախտման փաստը։ Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐԻ ՆՅՈՒԶ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
«ՄԱՅ ՆԵՏ» և «ԿՈԼՄԵՆԱ» ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին է հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը, պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկ։ Միաժամանակ նշելով, որ վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ամբողջական ցանկում ներառված որևէ տեղեկատվության փոփոխության դեպքում, մասնավորապես՝ պայմանագրի դադարեցման, երկարաձգման, նոր պայմանագրի կնքման, տեսալսողական ծրագրի անվան, իրավատիրոջ փոփոխության, հեռարձակումը դադարեցնելու և այլնի դեպքում անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում տեղեկացնել Հանձնաժողով։
Նշվեց, որ «ՄԱՅ ՆԵՏ» ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն Հանձնաժողով չի ներկայացվել, ինչը հիմք ընդունելով Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերությունը գրությամբ սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացրել պահանջված և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, որն էլ հիմք ընդունելով որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Ինչ վերաբերում է «ԿՈԼՄԵՆԱ» ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ամբողջական ցանկը ներկայացնելուն, ապա Ընկերությունը գրությամբ հայտնել է, որ վերահաղորդվող տեսալսողական որևէ ծրագիր առայժմ չի իրականացնում, նշելով նաև, որ փաստացի տեսալսողական ծրագիր վերահաղորդելու գործառույթը սկսելուց պարտավորվում է տեղեկացնել Հանձնաժողովին, միաժամանակ հայտնել է, որ Ընկերությունում 2023 թվականին հասույթ չի գոյացել։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք, քանի որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի դրույթներով և «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԿՈԼՄԵՆԱ» Ընկերության լիցենզիայի գործողությունը 30 օր ժամկետով:
«ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս նշվեց, Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ»Ընկերության կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։ Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, իրականացվել է նաև ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն։
Ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողով է ներկայացրել վերահաղորդվող ծրագրերի թարմացված ցանկը և արձանագրությամբ նշված խնդրահարույց տեսալսողական ծրագրերի իրավատերերի հետ կնքված պայմանագրերը և համաձայնագրերը։ Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ ցանցային օպերատորը չի խախտել Օրենքի դրույթները, և տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են համապատասխան պայմանագրերի և դրանց ժամկետների երկարաձգման համաձայնագրերի հիման վրա։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի, 282-րդ հոդվածի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
Օրակարգային վերջին՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս որոշվեց կասեցնել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» Ընկերության նկատմամբ 2024 թվականի մայիսի 14-ին հարուցված վարչական վարույթը մինչև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից համապատասխան գործողությունների ավարտը: