Այսօր՝ ապրիլի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման, «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ», «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ», «168 ԺԱՄ», «ՀԱՈՒԶ ՆԵԹ» և «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հարցերը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, քննարկելով «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ հարցը Հանձնաժողովը հաստատեց Ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Քննարկելով «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ընկերության նկատմամբ վարչական ակտ ընդունելու մասին հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է Ընկերության կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։
Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով օպերատորների գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ 2024 թվականի ապրիլի 01-ին կազմված արձանագրությունը, որին ծանոթացել և տեղում ստորագրել է ցանցային օպերատորի ներկայացուցիչը և արձանագրության վերաբերյալ առարկություններ չի հայտնել։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ընկերությանգործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չեն մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, վարչական վարույթի նյութերը Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքների հետ համադրման արդյունքում հայտնի է դարձել, որ ցանցային օպերատորն իր գործունեությունն իրականացնում է՝ խախտելով Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջը։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Ներկայացնելով «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ», «168 ԺԱՄ», «ՀԱՈՒԶ ՆԵԹ» և «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ վերը նշված հեղինակազորված ընկերությունների կողմից իրենց 2023 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2024 թվականի ապրիլի 01-ը Հանձնաժողով չեն ներկայացվել։ Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, 2024 թվականի ապրիլի 11-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։
Հանձնաժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ի ծանուցումը ստանալուց հետո միայն «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» և «168 ԺԱՄ» ընկերությունները Հանձնաժողովին են ներկայացրել իրենց 2023 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը։ Վարչական վարույթի ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից իրականացվել է իրավախախտում։ Այդպիսով՝ ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ինչ վերաբերում է «ՀԱՈՒԶ ՆԵԹ» և «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ընկերություններին, նշվեց, որ ցանցային օպերատորները 2024 թվականի ապրիլի 12-ի գրությամբ Հանձնաժողով են ներկայացրել 2023 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև գրությամբ նշել, որ ընկերությունների կողմից նամակը ուղարկվել է, որը գուցե տեխնիկական պատճառներով չի ստացվել Հանձնաժողովում և ի հավաստիք ներկայացրել նամակի ուղարկման փաստը հաստատող էլեկտրոնային փոստից քաղվածք սքրինշոթ։
Այսպիսով, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի վերաբերյալ ցանցային օպերատորների կողմից ներկայացված բացատրություներն ու պարզաբանումներն ու ներկայացված ապացույցները և հաշվի է առնվել, որ ցանցային օպերատորների կողմից ներկայացվել է անհրաժեշտ տեղեկատվությունը secretariate@tvradio.am էլեկտրոնային հասցեին, սակայն գուցե պայմանավորված էլեկտրոնային փոստի տեխնիկական խնդիրներով չի ստացվել Հանձնաժողովում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի, 282-րդ հոդվածի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ՀԱՈՒԶ ՆԵԹ» և «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները:
Անդրադառնալով օրակարգային վերջին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հարցին, որոշվեց հարցի քննարկումը հետաձգել։