Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ, որում ափսոսանք է հայտնում կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։
Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՌՀ-ի որոշման վերաբերյալ։
Այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լեցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները ՀՌՀ-ի գործառույթներից դուրս է, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի): 2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:
Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական լրատվամիջոցը:
Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։ Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով: