Այսօր, հոկտեմբերի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու, «ՅՈՒՔՈՄ» ՓԲընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՖԻԼՄՍ.ԱՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկերը և մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի հոկտեմբերի 10-ը (ժամը՝ 12։00): Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե:
Քննարկելով օրակարգային հաջորդ հարցը՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության դիմումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել Ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
Մեկ այլ որոշումով Հանձնաժողովը հաստատել է «ՖԻԼՄՍ.ԱՄ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Քննարկելով «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությունների կողմից մի շարք տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի պահանջի խախտման փաստը։
Ղեկավարվելով Օրենքով՝ Հանձնաժողովն իրականացրել է ցանցային օպերատորերի մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով:
Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել են արձանագրություններ և պարզվել, որ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊԸ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում են թվով 20 տեսալսողական ծրագրեր, սակայն ցանցային օպերատորը այդ մասին Հանձնաժողով տեղեկություն չի ներկայացրել, իսկ «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊԸ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում են թվով 33 տեսալսողական ծրագրեր։ Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրության արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվող մի շարք տեսալսողական ծրագրեր բացակայում են վերջինիս կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկից։
Հարուցված վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը ամրագրել է, որ ցանցային օպերատորների կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներին։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։