Այսօր՝ օգոստոսի 5-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝«ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու, «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 04-ի թիվ 96-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության, «ԹԻՄ» և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկելով օրակարգային առաջին հարցը որոշեց բավարարել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության դիմումները` տրամադրել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա և ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 328 լիցենզիան։
Օրակարգային հաջորդ հարցերը քննարկելով Հանձնաժողովը որոշեց 2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանվել 2022 թվականի օգոստոսի 10-ը (ժամը 12։00-ին): Հիշեցնենք, որվերսկսվելիք նիստում փակ վարկանիշային քվեարկությամբ կկատարվի յուրաքանչյուր մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Ներկայացնելով հաջորդ հարցը Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 04-ին ««ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 96-Ա որոշման դեմ: Հանձնաժողով ներկայացված վարչական բողոքում Հեռարձակողը նշել է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 04 հուլիսի 2022 թվականին օրենքի խախտմամբ ընդունել է առ ոչինչ վարչական ակտ, որը պարունակում է կոպիտ սխալներ:»: Վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով՝ Հանձնաժողովը նախ ներկայացրել է թե ե՞րբ է վարչական ակտը համարվում առ ոչինչ, այնուհետ անդրադարձել Ընկերության կողմից գովազդի մասին օրենքի պահանջների խախտմանը: Ամփոփելով՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 04-ի թիվ 96-Ա որոշման դեմ բերված վարչական բողոքը և ուժը կորցրած վերոնշյալ Որոշումը։
Անդրադառնալով հաջորդ հարցին նշվեց, որ Հանձնաժողովը դիմել էր ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ԹԻՄ» ընկերությանը պահանջելով ցանցային օպերատորից ներկայացնելու իր գործունեության, ինչպես նաև ոչ գծային տեսալսողական տեղեկատվության տրամադրման լիցենզիայի մասին տեղեկատվություն: Ի պատասխան Հանձնաժողովի գրության՝ ցանցային օպերատորը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ նշելով, որ «ԹԻՄ» ՓԲԸ-ի, ինչպես նաև իր դուստր ընկերություն հանդիսացող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Թիմ Թիվի» (Team TV) հարթակի միջոցով ոչ գծային տեսալսողական տեղեկատվության տրամադրման եղանակով չեն ցուցադրվում/վերահաղորդվում «Netflix Studios» ընկերության արտադրանք հանդիսացող ֆիլմեր»։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԹԻՄ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժը՝ գրավոր նախազգուշացում:
Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների պահանջների խախտման փաստեր։ Այն է՝ հանրային մուլտիպլեքսում Հեռարձակողի կողմից մի քանի օր անընդմեջ՝ օտար լեզվով ցուցադրվել են ֆիլմեր ու մուլտֆիլմեր։
Օրենքը հստակ սահմանել է, որ տեսալսողական տեղեկատվության ցուցադրության, հեռարձակման լեզուն հայերենն է, որին զուգահեռ նաև նախանշել է որոշակի բացառություններ։ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ օտար լեզվով ցուցադրվող տեսալսողական տեղեկատվությունը (սույն պարագայում ցուցադրված ֆիլմերն ու մուլտֆիլմերը)պետք է ուղեկցվեն կա՛մ հայերեն կրկնօրինակումով, կա՛մ հնչյունավորումով, կա՛մ (և՛) ենթագրով։
Վերոշարադրյալի համատեքստում նշյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերըպետք է ուղեկցված լինեին հայերեն ընկալման միջոցներով։ Սակայն, ըստ կազմված արձանագրության, Հեռարձակողը ֆիլմերն ու մուլտֆիլմերը ցուցադրվել է օտար լեզվով: Հարուցված վարչական վարույթի համար Հեռարձակողը որևէ պարզաբանում և բացատրություն Հանձնաժողով չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով որոշեց«ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 232 313 (երկու հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր տասներեք) ՀՀ դրամի չափով: