Ատելության խոսք, բռնության կոչեր, չստուգված և կողմնակալ տեղեկություն՝ այն հասկացություններն են, որոնք օրենքի ուժով նախատեսվում է բացառել հեռուստաեթերից: Փոփոխություններն առաջարկվում են երկու տարի առաջ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նկատում է՝ չնայած ընդունված օրենքն ընդգրկուն է, սակայն օրեցօր փոփոխվող լրատվադաշտում բազմաթիվ բացեր ունի:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) – Հաճախ հեռուստացույցը կամ ռադիոն միացնելիս Հայաստանի քաղաքացին, որն իրավունք ունի ստանալ անաչառ տեղեկատվություն, ինչը ևս պետության անխախտելի պարտավորությունն է, ստանում է ավելի շատ դեզինֆորմացիա, քան ինֆորմացիա:
Առաջարկվող կետերից մեկով՝ հաղորդում վարելու իրավունք չեն ունենա պետական պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ մեկ այլ կարգավորմամբ՝ հաղորդավարները պարտավոր կլինեն նշել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետ հայտնող անձի քաղաքական պատկանելությունը: Ոլորտի պատասխանատուներն այս փոփոխությունները դրական են որակում:
Տիգրան Հակոբյան – Մի մարդ, որն ամբողջ կյանքը կուսակցական գործունեությամբ է զբաղվել, գալիս և ներկայանում է որպես անկախ քաղաքագետ, ինչը շփոթմունք է մտցնում նույն հեռուստադիտողի մոտ: Իսկ եթե նա իմանա, որ այդ կարծիքն արտահայտում է այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ինքն ավելի քննադատաբար կմոտենա:
Մանրամասն տես www.1lurer.am կայքում և յութուբյան էջում։