ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

2022թ առաջին կիսամյակ

2020թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանվել է նոր հասկացություն՝ էթիկայի կանոնագիր, որը հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ է սեփական էթիկական նորմերի վերաբերյալ: Բոլոր լիցենզավորված Հեռարձակողները, 2020թ.-ից ի վեր, պարտավոր են ունենալ էթիկայի կանոնագիր, որը ներկայացվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթների հայտերին կից և լիցենզիա ստանալու դեպքում հանդիսանում է լիցենզիայի պայման:

Հանձնաժողովը 2022թ. առաջին կիսամյակում բազմիցս դիմել է էթիկայի կանոնների կիրառումն ապահովող մարմիններ, մասնավորապես՝

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության (18.02.2022թ. լիցենզիայի գործողությունը դադարեցվել է) կողմից հեռարձակվող «Արմնյուզ» տեսալսողական ծրագրի էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ՝ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին (այսուհետ նաև՝ Դիտորդ մարմին)՝ դիրքորոշում ստանալու նպատակով Հանձնաժողովը դիմել է երեք անգամ՝ 2022 թ. հունվարի 25-ին, փետրվարի 1-ին և 2-ին: Խնդրո առարկա եղել են «Հայելի ակումբ»-ի հաղորդավար Անժելա Թովմասյանի և հյուրերի կողմից հնչեցված արտահայտությունները, Հանձնաժողովը նախապես ներողություն է խնդրում մեջբերումների, բառամթերքի համար, այդ թվում՝ «վերջին հրաժեշտի օրն էր Ռազմիկ Դավոյանի, Նախագահը չկար, վարչապետը չկար, էդ միաբջիջ ողորմելի բոմժերը որոշում կայացրեցին, որ ինքը պանթեոնում չպիտի թաղվի», «բոմժերը, քրչոտները, որ էդ դրանց ընտրեցին ու դարձրեցին մեր գլխին պատուհաս», «թրքահպատակ վիժվածքները թալանը շարունակում են, զուգահեռ իրենց 50-50-ի կողոպուտը, որովհետև էդ մեր դեգեներատներին մենակ մի խնդիր ա հուզում»։

Հանձնաժողովը 2022թ. փետրվարի 17-ին և 21-ին Դիտորդ մարմին դարձյալ դիմել է «Հայելի ակումբ» հաղորդման ժամանակ էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, սակայն այս անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի նշված հաղորդման թողարկումների վերաբերյալ: Հարկ է նշել, որ ընկերությունը, թեպետ միայն հեղինակազորված է և հեռարձակում իրականացնում է ցանցային օպերատորների միջոցով, այնուամենայնիվ ստորագրել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, ուստի պարտավոր է պահպանել դրանում ամրագրված էթիկայի նորմերը: Մեջբերենք «Հայելի ակումբ» տեսալսողական հաղորդման ընթացքում հաղորդավարի և հյուրերի կողմից հնչեցված արտահայտություններից մի քանիսը՝ «պարզ ասեք էլի էս դեբիլներին», «էտ այլանդակ վիժվածքը», «զանազան քը․․․անդոնները», «ես չեմ ասում էս բոմժերի դեմ կռիվը», «բա տհա՛ս տականք», «հիմա ինչ-որ դեբիլներ կան՝ դրսում ապրող հայերը, ասում են՝ դե նախկինները ըսենց»։

2022թ. փետրվարի 3-ին Հանձնաժողովը կրկին դիմել է Դիտորդ մարմին՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» և «Արմնյուզ» տեսալսողական ծրագրերի «Հայելի ակումբ» հաղորդման՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթներին համապատասխանության հարցով դիրքորոշում ստանալու նպատակով՝ նշելով նաև, որ «Հայելի ակումբ»-ի ուղիղ միացումների շրջանակներում և՛ հաղորդավարի, և՛ հյուրերի կողմից մշտապես հնչում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և վիրավորանք պարունակող խոսք։ Մասնավորապես՝ «սուտը կովի կղանք ուտի, թե դա էդպեսա եղել», «այդ մարդուն ես կարող եմ համարել գեոպոլիտիկ պուտանկա, գեոպոլիտիկ պուտանկա, ֆիքսեցինք սա՞», «Ալիևի համապատասխան աշխարհաքաղաքական էռոգեն զոնաները բավարարել», «Նիկոլն ասում ա՝ ես, որ չեմ արձագանքում Ալիևին, ասում ա դուք եք մեղավոր, որ վախտին ռազմատենչ եք եղել, ասում ա ես իմպոտենտ էի, դուք սեքս բոմբ էիք», «Ես ներողություն եմ խնդրում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանցից, անբարոյական վարք ունեցող մարդկանցից, որ պարբերաբար Նիկոլին նրանց հետ եմ համեմատում, ասեցի էսօր պուտանկա, կարայի ասեի գեոպոլիտիկ հետույքատու», (մեջբերումները՝ Արմեն Աշոտյանի խոսքից, հեռարձակվել է՝ 25.01.2022թ.), նշվածը արձանագրվել է «Արմնյուզ» տեսալսողական ծրագրի դիտարկման արդյունքում:

«Նա բացի պորտաբուծությունից, պորտաբույծների բուծումից, ոչ մի ուրիշ տնտեսական բարեկեցություն չի պատկերացնում էս երկրի համար», «ուրեմն թող նստի էնքան, մինչև կսատկի ու մենք արդեն կգտնենք մի մարդու, որը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը», «Ալիևի սպառնալիքները ուղիղ կապվածության մեջ են Փաշինյանի՝ ոչնչություն լինելու հետ», «եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին տանկ չմտցրեց քաղաք ու էդ ամբողջ քայլող ժեխին տանկի տակ չտվեց, չի նշանակում, որ միջազգային հանրությունը ցավ ա ապրելու, եթե Ալիևի տանկերը գան, մտնեն ու նույն ժեխին տանկի տակ առնեն» (մեջբերումները՝ Արմինե Ադիբեկյանի խոսքից, հեռարձակվել է՝ 01.02.2022թ.)։ Նշվածը արձանագրվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի դիտարկման արդյունքում։

Նշենք, որ Դիտորդ մարմինը որոշել է «Հայելի ակումբ»-ի մամուլի ասուլիսների հետ կապված բոլոր հաղորդումների դեմ բերված բողոքները քննել իբրև մեկ նախադեպային գործ՝ անկախ նրանից, թե որ ծրագրով և ինչ ձևաչափով են հեռարձակվել, և տալ միասնական եզրակացություն, ուստի վերոնշյալի վերաբերյալ Դիտորդ մարմնի դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-%D4%B1%D6%80%D5%B4%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6-%D5%802-09%E2%80%A403%E2%80%A42022.pdf:

Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրությունը՝ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում հնչեցված մի շարք արտահայտությունների վերաբերյալ 2022 թ. հունվարի 27-ին դիմել է Դիտորդ մարմին, որի եզրակացությանը կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-%D5%96%D6%80%D5%AB-%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6-12.03.2022.pdf

Հանձնաժողովը արձանագրված՝ «5-րդ ալիք» ծրագրի էթիկայի կանոնագրի խախտման հատկանիշների վերաբերյալ նշված ժամանակահատվածում երկու անգամ դիմել է նաև «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողով: Առաջինը՝ 2022թ. փետրվարի 23-ին` «Հայլուր» հաղորդման 2022թ. փետրվարի 20-ի թողարկման տեսանյութերից մեկում առկա հայհոյանքների վերաբերյալ, երկրորդը՝ 2022թ. ապրիլի 12-ին` «Օրագիր» հաղորդման 2022թ. ապրիլի 7-ի հաղորդման հյուրի` Սայաթ Շիրինյանի կողմից հնչեցված առանձին արտահայտությունների վերաբերյալ, այդ թվում՝ «ես՝ ինքս մշտապես տարանջատել եմ հային բիոզանգվածից», «ընտրությունը ձերն է կամ Նիկոլ Փաշինյան կամ Արցախ, ըստ էության բիոզանգվածը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, (հաղորդավարի խոսք՝ եկեք մնանք եթերային բառապաշարի շրջանակում, պարոն Շիրինյան), լավ, ես ներողություն եմ խնդրում, բայց ոչ էտ զանգվածից իհարկե: Այդ մարդ կոչեցյալները դարձյալ գնացին ընտրեցին այն մարդուն, ով իրենց պիտի ծնկի բերի», «և հետո, պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը այնպիսին է, ինչպիսին իրենք, հայելային նույն պատկերն է, ինչպիսին, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ փռչոտ, կուզիկ, կրծքերը կախ, լաչառ ձայնով»: «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումներին կարող եք ծանոթանալ տվյալ հղումներով՝

  1. http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-5-%D6%80%D5%A4-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84-05.03.2022.pdf
  2. http://tvradio.am/wp-content/uploads/2022/04/5-4.pdf:

2022 թ. մայիսի 3-ին Հանձնաժողովը դիմել է Դիտորդ մարմին՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի՝ «Երկիրն այսօր» լրատվական հաղորդումների ժամանակ հնչեցված ներքոնշյալ և մի շարք այլ արտահայտությունների վերաբերյալ՝ «ցավոք սրտի ոստիկանությունը դարձել է մանկուրտների, անհոգի ստրուկների մի հավաքածու։ ․․․Ոստիկանությունը ղեկավարվում է մի անհոգի ստրուկի կողմից», «դավաճանությունը՝ շաղախված մեր պետությունը հանձնելու մոլուցքով, պատել է էս պոռնկածին երևույթներին, մենք շրջապատված ենք այդպիսի երևույթներով», «մի կատարեք էդ խելագարի ապօրինի հրահանգները», «ժողովուրդ ջան Նիկոլն ում շունն ա, որ դուք իրա համար կռվում եք։ Էտի ում շունն ա, որ մեր ազգին պառակտում ա։ ․․․ Էս սրիկան կարողացել է մարդկանց մոլորեցնել»: Դիտորդ մարմնի դիրքորոշումը նշվածի վերաբերյալ դեռ չի ստացվել։

Հանձնաժողովը 2022թ. մայիսի 23-ին կրկին դիմել է Դիտորդ մարմին՝ հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի «Հայելի ակումբ» և «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդումների ժամանակ հնչեցված առանձին արտահայտությունների վերաբերյալ, այդ թվում՝ «Էսպիսի ինչ-որ անասուններ կան՝ Ռազմիկ անունով, էսպիսի անասունները դեռ շարունակում են», «տհաս դեգեներա՛տ, դո՛ւ ի՞նչ ես, եթե բոլորը ասելու ես, նկատի ունես՝ մեկն էլ դու ես, չէ՞, ասենք էս տհաս դեգեներա՛տը, օրինակ՝ Ռազմիկ Հովսեփյան ազգանունով: Ինքը ի՞նչ է, …էս այլանդակությանը պիտի վերջ տրվի, էս թրքացմա՛նը, էս վիժվածքների՛ն», «դուք իրանց թատրոնների ետնաբեմերի թուրք դերասանների կոշիկ լիզողներն եք լինելու, լավագույն դեպքում, ոչ ավել, կոշիկ լիզող», «էդ վիժվածք եսիմինչածնունդը», «թուրքի ծնունդը», «չե՛մ կարծում, որ ԱԳՆ-ում մնացել են բացառապես անբուժելի կրիտինները, չեմ կարծում, որ կառավարության աշխատակազմում աշխատում են Նիկոլի հետ անբուժելի անբարոյականները կամ անբուժելի մտավոր հետամնացները»։ Նշվածի վերաբերյալ Դիտորդ մարմնի դիրքորոշումը ևս ստացված չէ։

Եզրակացնելով՝ Հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ թեև Հեռարձակողների ինքնակարգավորման մոդելը կարևոր է՝ խմբագրական անկախության պաշտպանության, պետական միջամտության կրճատման, Հեռարձակողի որակի և մասնագիտության հանդեպ վստահության բարձրացման և Հեռարձակողների հասանելիությունը հասարակության համար ապահովելու տեսանկյունից, սակայն, այն դեռ չի կայացել և ունի բազում թերություններ: