Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ լիցենզավորված և հեղինակազորված բոլոր հեռարձակողներին.
Հարգելի գործընկերներ,
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծագած կոնֆլիկտը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են: Այդ պատերազմը թելադրում է նաև հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգը:
Կարծում եմ, հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ և անորոշություններ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար, և վտանգավոր զարգացումները զսպավություն և պատասխանատություն են պահանջում մեր մեդիայից:
Ամենևին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, փոխանցեմ ձեզ մեր տեսակետը:
Ամենակարևորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա և ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարևորագույն բաղադրիչը մեր երկրի և ժողովրդի շահերի սպասարկումն է:
Ուստի, փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագռգիր կողմերին:
Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում և չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել և ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:
Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի և բռնության քարոզը կան և մնալու են օրենսդրությամբ պատժելի և անընդունելի արարքներ: Այդ մասին ևս չենք մոռանում:
Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն:
Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից այս պատերազմը պառակտման ևս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումը այս հակամարտության մեջ:
Հիշում ենք, որ և Ռուսաստանում, և Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան