ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ընկերությունների նկատմամբ կիրառվել է տույժ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, գումարվել է նիստ, օրակարգում յոթ հարց՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու, «ՏԵԼԵՌԱԴԻՈ» և «ՍԱՄՈՒ-ՏՎ» ՍՊ ընկերությունների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունների, «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկելով օրակարգային առաջին հարցը որոշեց՝ 2021 թվականի օգոստոսի 13-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 6-ի N147-Ա որոշմամբ հայտարարել չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված՝ 13.09.2021-04.10.2021թթ. ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

Անդրադառնալով օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերին, Հանձնաժողովը բավարարեց «ՏԵԼԵՌԱԴԻՈ» և «ՍԱՄՈՒ-ՏՎ» ՍՊ ընկերությունների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջը՝ հաշվի առնելով ընկերությունների ներկայացրած դիմումները:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման համար հիմք է հանդիսացել տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահպանման վերաբերյալ դրույթի պահանջի խախտումը։ Ընկերությունների նկատմամբ  կիրառվել է Օրենքի 57-րդ հոդվածի 23-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովը օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից՝ իրականացվել է «Матч премьер» և «Индия ТВ» տեսալսողական ծրագրերի վերահաղորդում՝ առանց պայմանագրի: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ  խախտվել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը հաշվի առնելով «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Այլ որոշումներով՝ Հանձնաժողովը կարճել է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունումը: