Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ օգոստոսի 23-ին, գումարվել է նիստ, օրակարգում ««ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» և ««ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո իրավաբանական և լիցենզավորման բաժնի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության կողմից տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան մուտքագրված տվյալների հիման վրա «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահպանման վերաբերյալ դրույթի պահանջի խախտում, որի համար Հեռարձակողի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
««ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության ներկայացրած դիմում-գանգատը, որում նշված է «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։
Հեռարձակողը Հանձնաժողովին ֆիլմի վերահաղորդման փաստի վերաբերյալ հայտնել է, որ Ֆիլմի ցուցադրումը եթերում տեխնիկական սխալմունքի հետևանք է և ձեռնարկվել են համապատասխան քայլեր նման միջադեպերի հետագա կրկնությունը բացառելու նպատակով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում որոշել է «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 23-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ՝ Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժը՝ գրավոր նախազգուշացում։
Հանձնաժողովը բավարարել է «ԽՈՅԼՈՒՆՑՆԵՐ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան: