ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Բևեռացում, «անկանոն մարտեր». մասնագետները՝ ընտրություններին մեդիա ոլորտի խնդիրների մասին

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղան «լակմուսի թուղթ» մեդիա ոլորտի խնդիրներն ընդգծելու, վերհանելու համար: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, վերհանված խնդիրները վկայում են այն մասին, որ և՛ օրենսդրական դաշտում անելիքներ կան, և՛ մեդիայի հետ աշխատանքի անհրաժեշտություն ունենք:

«Այս ընտրություններին նեգատիվ խոսքն, ագրեսիան ամենաքիչը հեռուստառադիոեթերում էին: Հեռուստառադիոընկերությունները աշխատում են կարգավորող մարմնի հետ, լսում են, իրենց սոցիալական պատասխանատվությունն ավելի շատ են հասկանում: Տեսեք, թե ինչ էր կատարվում ինտերնետ հարթակում, այնտեղ պարզապես անկանոն մարտեր էին, ագրեսիան ավելի շատ այնտեղ էր»,-  ասաց Տիգրան Հակոբյանը: Ահա այս անկառավարելի լրատվական հոսքի պայմաններում վտանգվում է քաղաքացու՝ անկողմնակալ տեղեկություն ստանալու իրավունքը:

Տեսալսողական, տեքստային մեդիաների բովանդակության ծավալներն ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնների են հասնում: Աշխարհի տարբեր երկրներում, չվտանգելով խոսքի ազատությունն, այնուամենայնիվ, բովանդակության որոշ սահմանափակումներ են դնում՝ օրենքով, հատուկ կարգավորող մարմիններ ձևավորելով: Տիգրան Հակոբյանի խոսքով, փորձում են սահմանափակել նեգատիվ տեղեկատվական հոսքերը: Նա նկատեց, որ այդ սահմանափակումները մտցնում են և՛ կոշտ կառավարման, և՛ ամենադեմոկրատական երկրներում:

«Մեզ մոտ, ցավոք, այդ գործընթացն առաջ չգնաց: Հռչակվեց խոսքի ազատություն, այն պահպանվեց և այսօր լրատվամիջոցներն իսկապես ազատ են պետական ինստիտուտների միջամտությունից, սակայն երկրորդ քայլը չարվեց: Այսինքն՝ հավաստի տեղեկատվության ապահովման օրենսդրական նորմեր չսահմանվեցին: Դա է պատճառը, որ այսօր կարգավորող մարմիններն օրենսդրորեն չեն կարողանում կարգի հրավիրել լրատվամիջոցներին, որոնք մանիպուլյացիա են անում, ծայրահեղ չարության խոսք են տարածում: Եթե մենք դրանով չզբաղվենք, ապա կունենանք ոչ թե տեղեկատվական, այլ ապատեղեկատվական հոսքեր, որոնք չեն աշխատում հանրության շահի համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ներկայացնելով օրինակներ՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ առաջարկում են սահմանել նորմեր, որոնք կբալանսավորեն ինֆորմացիան: Օրինակ, փաստերի, կարծիքների միջև հստակ տարբերություն լինի: Այսօր շատերը ոչ թե փաստեր են ասում, այլ փաստերի հետ կարծիքներ, ինչը մարդկանց շեղում է:

«Մյուսը ներկայացվող փաստերի, վերնագրերի ու տեսողականի վերաբերելիության խնդիրն է: Լինում է, երբ տեքստը մի բանի մասին է, պատկերը այլ բանի մասին է: Ասենք, քաղաքական դեմքի մասին է խոսվում, բայց պատկերում ոչխարներ, ուղտեր են և այլն: Հայհոյանքի մասին. ո՞րն է հայհոյանքը, ինչպե՞ս է սահմանված: Չկա այդ սահմանումը, թե որն է դա: Հետևաբար, լեզվի կոմիտեն, մեր կառույցը, մտավորականությունը պետք է աշխատեն հստակ սահմանումը տան, առաջարկ անեն, որ այս բառերը եթերում չհնչեն»,-ասաց նա:

Տիգրան Հակոբյանի խոսքով, մեդիա ոլորտի խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը օրենսդրության բարելավումն է, որը պետք է շարունակական գործընթաց լինի, ի վերջո նոր մարտահրավերներ են լինում, տեխնոլոգիաներն են զարգանում: Հաջորդը հասարակության հետ աշխատանքն է, վերաբերմունքի փոփոխությունն է:

Մանրամասները www. armenpress.am կայքում: