ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ մայիսի 18-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 415 և 527 միավոր:

Հիշեցնենք, որ մրցույթի անցողիկ նվազագույն շեմը համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին նշվեց, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած <Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին> հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ը:

Հիմք ընդունելով ՀՀ «Ընտրական օրենսգիրքը», Հանձնաժովը սահմանեց ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել: