Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման եթերում քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Երկիր մեդիա ՀԸ ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Բանախոսները անդրադարձել են օրենքի նախագծում ներառված փոփոխություններին, որոնք օրենքի հաստատումից հետո հնարավորություն են ստեղծելու եթերի կատարելագործման համար:
ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը իր խոսքում նշել է, որ նոր օրենքով կարգավորվելու է մեդիաների միմյանց նկատմամբ ունեցած իրավահարաբերությունները, հեռարձակողների, արտադրողների, տարածողների, դիստրիբյուտորների, օպերատորների, հեռուստառադիոընկերությունների, ինչպես նաև կարգավորող մարմնի փոխհարաբերությունները:
Տիգրան Հակոբյանը նշել է,- «Նախկինում օրենքը ավելի շատ կարգավորում էր տեխնիկական հարաբերությունները, քանի որ հեռուստաընկերության և ռադիոյի գոյացումից ի վեր այն շատ սահմանափակ ռեսուրս էր և պետությունը կարգավորում էր այդ սահմանափակ ռեսուրսը: Տեխնիկական կարգավորման միջոցով կարգավորվում էր նաև բովանդակությունը: 21-րդ դարում այդ դաշտը ազատականացվել է և մարդիկ հնարավորություն ունեն հետևելու բովանդակությանը ոչ միայն հանրային մուլտիպլեքսում: Բովանդակությունը հարյուրապատիկ մեծացել է, և դրան տեխնիկայի միջոցով հետևել հնարավոր չէ: Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին սկսեցին խոսել ֆայք նորությունների մասին, այսինքն եթերը՝ տեսալսողական բովանդակությունը, սկսեց չվտանգելով խոսքի ազատությունը լցվել, ինչը շատ կարևոր է, և սկսեց վտանգվել մարդկանց իրավունքը ստանալու անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվություն…..»: