Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը նոր ռադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու համար հաճախականություններ տրամադրելու, «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա, «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, ««ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 30-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցերը :
«Արմենիա Թի-Վի» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները, որն արգելված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով։
Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի շրջանակներում հեռուստաընկերության կողմից ներկայացրած տվյալները, նիստի ընթացքում լսելով Ընկերության ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները, միաձայն որոշում է կայացրել Ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ սահմանվել է «էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարայիննյութերի որոշման չափորոշիչները»:
Քննարկելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ընկերությանը նոր ռադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու համար հաճախականություններ տրամադրելու մասին հարցը, Հանձնաժողովը լսել է Հանրային խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հիմնավորումները նոր ռադիոծրագրեր հեռարձակելու վերաբերյալ:
Այնուհետ Հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյանն ամփոփելով ներկայացված տեսակետները, շարադրել է այն հիմնական գործոնները, որոնք հաշվի առնելով Հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում նոր հաճախականությունների տրամադրումը (Մանրամասները տեսանյութում):
Հանձաժողովը առաջարկել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հրաժարվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը նոր ռադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու համար հաճախականություններ տրամադրելու մասին դիմումից: