Ապրիլի 10-ից 12-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի(SEWG) 8-րդ նիստը, որին մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը:
Հաճախությունների հարցերով աշխատանքային խումբը, որի կազմում են եղել ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների կարգավորող մարմինների և Եվրոպական երկրների ներկայացուցիչներ, քննարկել են 470-694ՄՀց, 700 ՄՀց և 800ՄՀց հաճախությունների ազատականացումից հետո՝ թվային հեռուստատեսության սպեկտրի վերապլանավորման սկզբունքները:
«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական տարբեր երկների հաճախությունների ազատականացման տեսլականը, կատարված աշխատանքները, իսկ հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ներկայացուցիչները՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կոնվերգենցիայի հետևանքով հաճախությունների առավել օպտիմալ օգտագործման ձևերը:
Նիստի ընթացքում կայացած կառուցողական քննարկման արդյունքում առաջարկվել է շարունակել սպեկտրի վերապլանավորման աշխատանքները՝ պլանավորման և Եվրոպական երկրների փորձի ընդունված սկզբունքների համաձայն:
Ներկայացնելով 5G և թվային հեռուստատեսության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպես իրավական համակարգի փոփոխության, այնպես նաև տեխնիկական նորարարությունների հետ կապված:
ՀՀ-ում հեռուստատեսության և ռադիոյի զարգացման տեսլականը ձևավորելու համար ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի(SEWG) 8-րդ նիստի ընթացքում կայացած քննարկումներն հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման գործառույթների արդյունավետ զարգացման նախապայմաններ են ստեղծում: