ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ։ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման և ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության բնագավառում անկախ և ինքնուրույն լրատվամիջոցների բազմազանությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի իրավահարաբերությունների համարժեք և համաչափ կարգավորումը` միաժամանակ պահպանելով այլ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի միջև օրենքներով ամրագրված հավասարակշռությունը: Ակնառու են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաջողություններն այս ուղղությամբ, ինչպես նաև առաջընթացն ու ձեռքբերումները միջազգային հարթակներում, հատկապես` Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ձևաչափում: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների և գլոբալ տեղեկատվական հասարակության արագ զարգացման պայմաններում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացվող պահանջներն ընդարձակվում են, և դեռ անելիքներ կան: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»: