ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմը

Այսօր՝ հուլիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին հարցը։

Քննարկելով օրակարգային հարցը, նշվեց, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուներից ստացվել է համաձայնություն, որն հիմք ընդունելով Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

  1. Սառա Նալբանդյան – մշակութաբան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
  2. Սերոբ Խաչատրյան – կրթության փորձագետ
  3. Արայիկ Խզմալյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն
  4. Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
  5. Գրիգոր Խաչատրյան – ԵԴԹ, գլխավոր ռեժիսոր։

Նշենք, որ ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը:

«Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրի նկատմամբ կիրառվել է տույժ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանի ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 310 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ռադիոծրագրի եթերային հեռարձակման N 245 լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու հայտի և «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը հիմք ընդունելով «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը որոշեց hաստատել Ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովը որոշեց բավարարել անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանին դիմումը և ուժը կորցրած ճանաչել 09․02․2021 թ․ տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 310 լիցենզիան, իսկ մեկ այլ որոշմամբ բավարարեց «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության հայտը և տրամադրեց 05․10․2017 թ-ի ռադիոծրագրի եթերային հեռարձակման N 245 լիցենզիայի կրկնօրինակը: 

Քննարկելով օրակարգային վերջին՝ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ  Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից «Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին եթերում Օրենքով և Հանձնաժողովի՝ «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդումների հեռարձակման սահմանափակումների խախտման փաստ։

Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից հունիսի 12-ին եթերումհեռարձակված Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին վերաբերող ուղիղ եթերը պարունակել է հայհոյախոսություն։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացված իր պարզաբանումներում մասնավորապես հայտնում է. «… Ցանկանում եմ նաև մեր խորին ափսոսանքը հայտնել նշված բացթողման համար, որը տեղի է ունեցել աշխատանքային արտակարգ իրավիճակում։ Հավատացնում եմ, որ որևէ դիտավորություն այն չի պարունակում և պարզապես մարդկային սխալի, անուշադրության հետևանք է․․․»։

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերը, վերլուծելով և գնահատելով գործի հետ կապված փաստական հանգամանքները, խիստ կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ որոշակի ժամերին անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակման արգելքն ըստ էության կապված է հանրային շահի հետ, որը տվյալ դեպքում, ինչպես նաև ընդհանրապես իր մեջ ներառում է անչափահասների առողջությունը, մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցությունից պահպանումը։

Այսպիսով, Հեռարձակողը փաստացի ընդունել է իրավախախտման փաստը, որի մասին նշել է իր պարզաբանման մեջ, իսկ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի
դրույթներով, Հանձնաժողովի՝ «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշման Հավելվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 3-րդ մասով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդդեմ Հ2-ի

Կրկին ատելության և խտրական խոսք Հ2-ի եթերում

Ներկայացնում ենք Դիտորդ մարմնի՝ 2024թ․ հուլիսի 12-ի փորձագիտական կարծիքը՝ ՀՌՀ-ն ընդդեմ Հ2-ի։

Քննելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացված բողոքը, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է, որ «Հայկական երկրորդ» հեռուստաալիքով (Հ2) հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման մայիսի 5-ի և 6-ի թողարկման հյուր Էդգար Ղազարյանը և «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի թողարկման հյուր Վազգեն Պետրոսյանը մի քանի դրվագներով ատելության և խտրական խոսք են տարածել։ Մասնավորապես, հյուրերը կոչ են արել ոչ իրավական հաշվեհարդար տեսնել հանրային պաշտոնյաների, իրավապահ համակարգի աշխատակիցների և նրանց հարազատների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 5.2 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։

Ընդ որում, հաղորդումը վարողները չեն փորձել ընդհատել ատելության խոսքի տարածումը կամ մեկնաբանել դա։

Բողոքում նկարագրված դրվագներից մեկում ատելության և խտրական խոսք է տարածվել նաև երեխաների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 4.3 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։

ԴՄ-ն իր փորձագիտական կարծիքում հիշեցրել է, որ Հ2 հեռուստաալիքի դեմ բերված շուրջ մեկ տասնյակ բողոքներում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։ «Կարծիքների ազատ արտահայտումը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի, հասարակական անդորրի պաշտպանության նպատակներով, իսկ գնահատող դատողությունները չպետք է հանգեն վիրավորանքի և ատելության խոսքի», – ասվում է Կարծիքի եզրափակիչ մասում։

Նկատենք, որ ԴՄ-ն չի մեջբերել դիմումատուի հիշատակած խնդրահարույց հատվածները՝ խուսափելով ավելորդ անգամ ատելության խոսքը տարածելուց։ Այդուհանդերձ, ուսումնասիրողների համար այդ մեջբերումները հասանելի են։

Մանրամասները՝ ԴՄ փորձագիտական կարծիքում

Սահմանվել են նոր չափորոշիչներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության (նոր անվանումը՝ «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ»ՍՊԸ) լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, «ՄԱՅ ՆԵՏ», «ԿՈԼՄԵՆԱ», «Ց․Ա․Ա․Ա․Է․», «ԴԻԼԱՐՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման, «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին», «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող  տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 109-Ա և «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 110-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին»» հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Քննարկելով «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 27․05․2021 թ-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել Ընկերության հայտը և «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 19․08․2021 թ-ին տրամադրված լիցենզիան և կատարել փոփոխություն 27․05․2021 թ-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ՝ «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» անվանումը փոխարինելով «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» անվամբ։

Քննարկելով «ՄԱՅ ՆԵՏ», «ԿՈԼՄԵՆԱ», «Ց․Ա․Ա․Ա․Է․», «ԴԻԼԱՐՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, մասնավորապես «ՄԱՅ ՆԵՏ» ընկերությանը հարցը՝ նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու փաստի վերաբերյալ։

«ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը դիմումով հայտնել է, որ Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա որոշմամբ «ՄԱՅ ՆԵՏ» ընկերությունն արդեն իսկ ենթարկվել է վարչական տույժի՝ մի շարք տեսալսողական ծրագրեր առանց համապատասխան վերահաղորդման իրավունքի վերահեռարձակելու համար, սակայն, ըստ դիմումատուի՝ շարունակում է ի թիվս այլ տեսալսողական ծրագրերի ապօրինի վերահաղորդել այն տեսալսողական ծրագրերը, որոնց վերահաղորդման իրավունքը տրամադրելու իրավասությունը պատկանում է Ընկերությանը։

Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունը մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդել է առանց համապատասխան վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի։ Ելնելով վերոգրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, 23․05․2024 թ-ին ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթներով Հանձնաժողովը որոշեց դադարեցնել՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով Հանձնաժողովի 04․12․2017 թ-ին «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությանը տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։

«Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» Ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել են արձանագրություններ, այնուհետ իրականացվել է մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։

Պարզվել է, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում բացակայում են տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթների նյութերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին, ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկերին և հայտնի է դարձել, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ցանցային օպերատորներն իրենց գործունեությունն իրականացնում են խախտելով Օրենքի պահանջը։ Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը որոշեց կարճել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի և 282-րդ հոդվածի դրույթները և ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատախազության 14․06․2024 թվականի գրությունը։

Հանձնաժողովը սահմանել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների և էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչվել դեռևս 01․07․2021 թվականին ընդունված N 109-Ա և N 110-Ա որոշումները։

Տեղի է ունեցել թվային պլատֆորմների կառավարման միջազգային կոնֆերանսը

Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում հունիսի 18-19-ը տեղի է ունեցել թվային պլատֆորմների կառավարման միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, ատելության խոսքը և դրանց տարածման հակազդեցության գորրծիքակազմերի ներդրումն ու զարգացումը: Քննարկված բոլոր թեմաներում հիմնական հարցը վերաբերել է ատելության խոսքի խորացող խնդրին, որի առաջացման պատճառը, չկարգավորվող համացանցն է, դրա միջոցով տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի անհնարինությունը։

Ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Հեռարձակողների կարգավորող եվրոպական պլատֆորմի (EPRA),  Խորվաթիայի կարգավորող մարմնի նախագահը, Խորվաթիայի Մշակույթի և մեդիայի նախարարը, Դուբրովնիկ քաղաքի քաղաքապետը և այլոք։

Հանրային հեռարձակողի մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը փոխարինվել է հանրապետական սփռում ապահովող սլոթով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 344 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖՈՐՏՈՒՆԱ», «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ», «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարվել է փոփոխության, որն ուժի մեջ է մտել սթ մայիսի 22-ին,  համաձայն որի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողի մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացքում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով։ Ելնելով վերագրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը 14․11․2022 թվականին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման լիցենզիան:

Ներկայացնելով «ՖՈՐՏՈՒՆԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտ ընդունելու մասին հարցը նշվեց, որ «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի տեսագրության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահանջի խախտման փաստ:

Ըստ արձանագրության, Հեռարձակողի՝ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի 2024 թվականի ապրիլի 24-ի տեսալսողական հաղորդումների ընթացքում հեռարձակվել է գովազդ։

Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հեռարձակողը պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը հիմք ընդունելով Օրենքի դրույթները, ամրագրում է, որ «Ֆորտունա» տեսալսողական ծրագրի տեսալսողական հաղորդումների ընթացքում 2024 թվականի ապրիլի 24-ի՝ պետության կողմից հայտարարած սգո և հիշատակի օրը հեռարձակվել է գովազդ: Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովըորոշեց «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված  400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

«ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս նշվեց, որ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից արձանագրվել է տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել են արձանագրություններ, այնուհետ իրականացվել է մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։

Արդյունքում պարզվել է, որ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում բացակայում են տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։ Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթների մասին ծանուցել է ցանցային օպերատորներին, որոնք հարցի վերաբերյալ ներկայացնել են իրենց պարզաբանումներն ու բացատրությունները:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթների նյութերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին, ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկին և հայտնի է դարձել, որ «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ցանցային օպերատորներն իրենց գործունեությունն իրականացնում են խախտելով Օրենքի պահանջը։

Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Օրակարգային վերջին հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի եթերում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթի պահանջի խախտման փաստ:

Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Ղեկավարվելով Օրենքի դրույթով՝ Հանձնաժողովը ՀՀ դատախազություն է ներկայացրել նշված իրավախախտման վերաբերյալ ձայնագրությունը համապատասխան ընթացք տալու համար և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված գրությունը, ընդունել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» որոշում։

2024 թվականի հունիսի 06-ին Հանձնաժողով է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի գրությունը քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, որով հայտնել են, ներկայացված հաղորդման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չկազմելու մասին։

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, այսինքն՝ համապատասխան մարմինների կողմից չի հայտնաբերվել և փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով՝ ուստի վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով Հեռարձակողի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: