ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«Ազատ շփում Գնել Սարգսյանի» հետ հաղորդման առնչությամբ ԴՄ եզրակացությունը

Ֆորմալ խախտում չկա, բայց ագրեսիվ տոնն ու բառապաշարը խնդրահարույց են «Ազատ շփում Գնել Սարգսյանի» հետ հաղորդման առնչությամբ ԴՄ եզրակացությունը

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի մի քանի հաղորդումներում հնչած մտքերի վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից (ՀՌՀ) ստացված դիմումի կապակցությամբ։

Ուսումնասիրելով 2024թ․ մայիսի 21-ի եւ մայիսի 25-ի հաղորդումներում հնչած արտահայտությունները՝ Դիտորդ մարմինն արձանագրել է, որ ՀՌՀ առանձնացրած հատվածներում հաղորդավարի կողմից Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի դրույթների խախտում ֆորմալ առումով չկա, թեեւ շատ մոտ է եղել դրանք խախտելու սահմանագծին։ 

ԴՄ-ն նկատել է, որ հաղորդավարն իր դեմքի քամահրական արտահայտությամբ, ագրեսիվ ժեստիկուլյացիայով ու խրատական տոնայնությամբ անթաքույց հակակրանք է արտահայտում այն գործիչների հանդեպ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են իր պատկերացումներից։ Հաղորդավարը թիրախավորում է ոչ իշխանամետ որոշ գործիչների եւ նրանց մասին իր անձնական կարծիքն ու գնահատողական բնույթի դատողությունները (որոնք թույլատրելի են) զուգակցում է այդ գործիչների անձը, գործողությունները, գաղափարները վարկաբեկող խոսույթով, ինչը հարիր չէ մեդիաարժեքներին։ Գնել Սարգսյանն իր ամբողջ պահվածքով ագրեսիա է դրսեւորում այն անձանց հասցեին, որոնք այդ նույն հաղորդաշարում պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն չունեն՝ տվյալ հեռուստաժանրի (հեռուստամենախոսություն) կանոնների համաձայն։ Իր կարծիքն արտահայտելիս, իր գնահատականները շարադրելիս Գնել Սարգսյանն իր պատկերացումներն արտահայտում է լրատվության ստանդարտներին ոչ հարիր եղանակներով՝ ոչ քաղաքակիրթ բառապաշարով, քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով, իր համար անցանկալի գործիչների անձը նվաստացնող ակնարկներով։ Սա հարիր չէ որակյալ լրագրության արժեքներին։

ՀՌՀ-ից ստանալով վերոնշյալ թողարկումներին վերաբերող դիմումը, ինչպես նաեւ քննարկելով այդ հաղորդաշարի եւ հաղորդավարի առնչությամբ ԴՄ անդամներին փոխանցված բանավոր բազմաթիվ բողոքները՝ Դիտորդ մարմինը պատահական ընտրությամբ ուսումնասիրել է «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդաշարի որոշ թողարկումներ, որոնց առնչությամբ մոտ ապագայում կլինի ԴՄ հատուկ հրապարակային անդրադարձը։  

ԴՄ եզրակացություն