ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Այսօր՝ հունիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ԷՅՉՆԵԹ», «ՕԼԼՆԵԹ», «ԲԱԳԵՏ»  ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ–ի նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային հարցերը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ԷՅՉՆԵԹ», «ՕԼԼՆԵԹ», «ԲԱԳԵՏ»  ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ–ի կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել են արձանագրություններ, այնուհետ իրականացվել է մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։

Արդյունքում պարզվել է, որ «ԷՅՉՆԵԹ», «ՕԼԼՆԵԹ», «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ–ի կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում բացակայում են տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթների մասին ծանուցել է ցանցային օպերատորներին, որոնք հարցի վերաբերյալ ներկայացնել են իրենց պարզաբանումները և բացատրությունները:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթների նյութերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին, ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկին և հայտնի է դարձել, որ «ԷՅՉՆԵԹ», «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ–ի ցանցային օպերատորներն իրենց գործունեությունն իրականացնում են՝ խախտելով Օրենքի պահանջը։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ–ի նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, իսկ «ՕԼԼՆԵԹ» Ընկերության նկատմամբ՝ կիրառել վարչական տույժ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Անդրադառնալով «ԲԱԳԵՏ»  ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցին, Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ ուսումնասիրվել է վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկը, ինչպես նաև բոլոր տեսալսողական ծրագրերի վերահաղորդման վերաբերյալ կնքված պայմանագրերն ու դրանց համաձայնագրերը և ոււսումնասիրությունից պարզ է դարձել, որ ցանցային օպերատորն ունի բոլոր տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավական հիմքերը։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ ցանցային օպերատորը չի խախտել Օրենքի դրույթները և տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են համապատասխան պայմանագրերի և դրանց ժամկետների երկարաձգման համաձայնագրերի հիման վրա։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: